Հութիները հայտարարել են Եմենի արևմտյան ափին կառավարական ուժերի կողմից պահվող իրենց բոլոր կողմնակիցների ազատ արձակման մասին։ Դրա մասին, ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, հայտնել է հութիների գերիների հարցերով կոմիտեի ղեկավար Աբդուլ-Քադեր ալ-Մուրթադան։

Նրա ասելով՝ զինված ուժերին հաջողվել է «ազատել մեր բոլոր գերիներին», որոնք գտնվում էին այն բանտում, որը վերահսկում էր գեներալ Թարիկ Սալեհը՝ կառավարական Ազգային դիմադրության ուժերի հրամանատարը։

Ալ-Մուրթադան չի հստակեցրել, թե կոնկրետ քանի գերի է ազատ արձակվել և ինչ կերպ է հութիներին հաջողվել վերահսկողություն սահմանել բանտի նկատմամբ։

Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հութիները հայտնել էին Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Քաղաքը Բաբ էլ-Մանդեբի նեղուցից մոտ 80 կմ հեռավորության վրա է, որը միացնում է Կարմիր ծովը Ադենի ծոցին։

Թարիկ Սալեհը գլխավորում է Ազգային դիմադրության ուժերը, որոնք հանդես են գալիս Եմենի միջազգային ճանաչում ունեցող կառավարության կողմում և հակադրվում են հութիներին շարունակվող զինված հակամարտության շրջանակում։