Հավայան կղզիներում առնվազն երկու մարդ է զոհվել, ենթադրաբար «Լոուել» փոթորկի ազդեցության հետևանքով, որն այս շաբաթ անցել է նահանգի արևմտյան կղզիների մերձակայքով, հաղորդում է Associated Press-ը։

Կաուայի կղզում փրկարարները չորեքշաբթի ափի մոտ հայտնաբերել են 74-ամյա տղամարդու մարմինը։ Ոստիկանության տվյալներով՝ նրա մահը, հավանաբար, կապված է եղել փոթորկային ալեկոծության հետ։ Օահու կղզում մեկ այլ տղամարդ զոհվել է, երբ վիթխարի ծառն ընկել է վրանի վրա, որտեղ նա է եղել։ Հավայի նահանգապետ Ջոշ Գրինի տվյալներով՝ զոհվածը անտուն էր և ապրում էր այգում։

«Լոուել»-ը չորեքշաբթի գիշերը անցել է Հավայան կղզիների մերձակայքով, սակայն փոթորկի կենտրոնը մնացել է օվկիանոսի վրա։ Միևնույն ժամանակ ուժեղ կործանարար քամիները տարածվել են նրա կենտրոնից շատ ավելի հեռու։

Կաուայիում փոթորիկը վնասել է օվկիանոսի ափին գտնվող հանգստյան համալիրները։ Լանայի կղզում կաթվածահար է եղել բեռնային նավահանգիստը, որով կղզի է մատակարարվում սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների զգալի մասը։

Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը չորեքշաբթի դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով Կաուայիում և Մաուիում խոշոր բնական աղետի ռեժիմ հայտարարել։ Դա հնարավորություն կտար արագացնել տուժած շրջաններին դաշնային օգնության տրամադրումը։

Այս պահին «Լոուել»-ը թուլացել է՝ վերածվելով արևադարձային փոթորկի և շարունակում է շարժվել դեպի արևմուտք՝ բաց ջրերի վրայով։

Մինչ այդ, Խաղաղ օվկիանոսում հինգշաբթի ձևավորվել է ևս մեկ արևադարձային փոթորիկ՝ «Նորբերտ»-ը։ ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով՝ այն մոլեգնել է Մեքսիկայի Բախա Կալիֆոռնիա թերակղզու հարավային ծայրից մոտ 1100 կմ հարավ-արևմուտքում և շարժվել է դեպի արևմուտք՝ մոտ 64 կմ/ժ արագությամբ։ Փոթորիկը ցամաքին վտանգ չէր ներկայացնում։ Առաջիկա օրերին կանխատեսվում էր փոթորկի աստիճանական ուժեղացում։