ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի, եթե չինական ավտոարտադրողները գործարաններ կառուցեն Միացյալ Նահանգներում՝ չնայած ամերիկյան ավտոկոնցեռնների և օրենսդիրների դիմադրությանը։

«Եթե Չինաստանը ցանկանա գալ և այստեղ գործարան բացել ավտոմեքենաների արտադրության համար, ես չեմ առարկի», — ուրբաթ օրը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ամերիկայի նախագահը նշել է, որ ճապոնական ավտոարտադրողներն արդեն ավտոմեքենաներ են արտադրում ԱՄՆ-ում և միաժամանակ աշխատանքի են ընդունում ամերիկացի աշխատողների։ Նրա խոսքով՝ հենց երկրում աշխատատեղերի ստեղծումն ունի առանցքային նշանակություն։

Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ չի ցանկանում, որպեսզի չինական ընկերությունները ավտոմեքենաներ արտադրեն Մեքսիկայում, իսկ հետո դրանք մատակարարեն ամերիկյան շուկա։ «Ես չեմ հանդես գալիս չինական ավտոմեքենաների դեմ», — հայտարարել է նախագահը։

Հայտարարությունը հնչել է Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումից առաջ, որը պետք է տեղի ունենա Վաշինգտոնում երկու շաբաթ անց։ Ավելի վաղ ամերիկյան ավտոարտադրողները նախագահին կոչ էին արել չհամաձայնել չինական ավտոմեքենաների մուտքին ԱՄՆ շուկա։

Չորեքշաբթի Միչիգանից դեմոկրատ սենատոր Էլիսա Սլոթքինը հայտարարել է, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Թրամփը, իբր, պատրաստ է թույլատրել չինական ավտոմեքենաների վաճառքը ԱՄՆ-ում՝ Պեկինի հետ ավելի լայն համաձայնագրի շրջանակում։ Նա նման որոշումը անվանել է «ռազմավարական սխալ»։

Թրամփը Սլոթքինի հայտարարությունն անվանել է «ամբողջությամբ կեղծ լուր» և ասել, որ հենց ինքն է թույլ չտվել չինական ավտոմեքենաների մուտքը ամերիկյան շուկա։

Միևնույն ժամանակ գործող սահմանափակումները էապես դժվարացնում են չինական ավտոարտադրողների ներկայությունը ԱՄՆ-ում, գրում է Reuters-ը։

2025 թվականի սկզբին նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սահմանեց կարգավորում, որը փաստացի արգելում է չինական ավտոարտադրողներին ԱՄՆ-ում վաճառել կամ արտադրել մարդատար ավտոմեքենաներ։ Բացի այդ, Վաշինգտոնը պահպանում է չինական էլեկտրամոբիլների նկատմամբ 100 տոկոսը գերազանցող մաքսատուրքերը։

Անցած շաբաթ Alliance for Automotive Innovation կազմակերպությունը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշորագույն ավտոարտադրողներին, Կոնգրեսին կոչ է արել ընդունել օրենք՝ ամերիկյան շուկայում չինական ավտոմեքենաների մշտական արգելքի մասին։ Կազմակերպության մեջ ընդգրկված են General Motors, Ford, Toyota, Volkswagen, Hyundai, Honda, Stellantis և այլ ընկերություններ։

Կազմակերպության ղեկավար Ջոն Բոցելլան հայտարարել է, որ չինական ավտոարտադրողները ներկայումս համաշխարհային շուկաներ են մատակարարում ավտոմեքենաներ, որոնց արտադրությունը սուբսիդավորվում է պետության կողմից և որոնք հագեցած են միացված ծրագրային ապահովմամբ ու սարքաշարային համակարգերով։