Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։