Մեծ Բրիտանիայի նախկին ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը The Independent-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Brexit-ից հետո երկրի տնտեսությունը անկում է ապրել և կոչ է արել Մեծ Բրիտանիային վերադարձնել Եվրամիության մաքսային միություն։
Ըստ նրա, դա կլինի Եվրոպայի հետ տնտեսական կապերը վերականգնելու և առևտուրը խթանելու ամենաարագ միջոցը։
Օսբորնը, որը Դևիդ Քեմերոնի կառավարության օրոք՝ Brexit-ի հանրաքվեի ժամանակ, զբաղեցնում էր գանձապետարանի կանցլերի պաշտոնը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է վերականգնի ավելի սերտ կապերը ԵՄ-ի հետ։
«Brexit-ը ձախողում էր։ Մեծ Բրիտանիան փաստացի նետվեց ժայռից։ Սա հսկայական ազդեցություն ունեցավ բրիտանական տնտեսության վրա։ Այն ակնհայտորեն ավելի աղքատացավ, քան կլիներ հակառակ դեպքում», — ասել է Օսբորնը։
Նա ընդունել է, որ հանրաքվեից տասը տարի անց Մեծ Բրիտանիայի վերադարձը Եվրամիություն բարդ խնդիր կլիներ, սակայն կոչ է արել առնվազն վերականգնել ավելի սերտ առևտրային հարաբերությունները եվրոպական երկրների հետ։
«Ես կվերադառնայի մաքսային միություն։ Դա բավականին պարզ բան է։ Այնտեղից դուրս գալու հարցը երբեք Brexit-ի շուրջ բանավեճերի մաս չի կազմել։ Ոչ ոք չգիտեր, որ մենք լքում ենք մաքսային միությունը, իսկ դա կործանարար վնաս հասցրեց առևտրին», — հայտարարել է նախկին նախարարը։
Ըստ Օսբորնի, Brexit-ի կողմնակիցները դեմ էին մաքսային միությունում անդամակցությունը պահպանելուն՝ հույս ունենալով ԱՄՆ-ի հետ խոշոր առևտրային համաձայնագրեր կնքել։ Այժմ, նրա կարծիքով, նման սպասումները անիրատեսական են թվում։
«Մարդիկ հիմա հասկանում են, որ Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի խնդիրը չի կարելի դիտարկել՝ առանց հարցնելու. ինչպես վերականգնել առևտուրը մայրցամաքի հետ, ինչպես ներգրավել ներդրումներ»», — ասել է Օսբորնը։
Նա նաև նշել է, որ մաքսային միությունը առավելություն ունի ԵՄ միասնական շուկա վերադառնալու համեմատ․ նման որոշումը չէր պահանջի մարդկանց ազատ տեղաշարժ։
Օսբորնի կարծիքով, հենց այս հարցը կարող է հատկապես բարդ լինել բրիտանական հասարակության համար։





























