Իտալացի Մասսիմո Տարտալյան, որ կիրակի, «Ազատության ժողովուրդ» կուսակցության հանրահավաքի ժամանակ հարձակում էր գործել երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա, վարչապետից նամակով ներողություն է խնդրել:

Նամակում, որ ուղարկվել է երեկ երեկոյան, 18 տարեկանից հոգեկան խանգարմամբ տառապող Տարտալյան իր արաքը ստոր եւ չմտածված է համարել եւ ներողություն խնդրել, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Republica թերթը, 42-ամյա իտալացին իր արարքի պատճառները մանրամասն պատմել է քննիչներին:

Տարտալյայի խոսքով, ինքը գնացել է նման քայլի, քանի որ վրդովված էր կառավարության ղեկավարի քաղաքականությունից:

Ըստ Տարտալյայի, նա մտադիր էր կիրակի Միլանում հանդիպել իր ընկերուհուն, սակայն հանդիպումը չի կայացել: Նա նշել է նաեւ, որ վարչապետի ելույթը զայրացուցիչ էր: Մետրոյի ճանապարհին նա տեսել է կառավարության ղեկավարի մեքենան, մոտեցել եւ տեսել է Բեռլուսկոնիին, եւ նրա ուղղությամբ շպրտել բավականին ծանր արձանիկը:

Նախնական տվյալներով, Տարտալյային սպառնում է 5.5 ամսից 5.5 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում Բեռլուսկոնին ջարդել էր քիթն ու կորցրել ատամներից մի քանիսը, նա նաեւ բավական շատ արյուն էր կորցրել: ՆԳ նախարարի կարծիքով՝ կառավարության ղեկավարը կարող էր անգամ մահանալ: