ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների աշխատանքը Սպիտակ տանը՝ այդ լրատվամիջոցներին մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Նա նաև զգուշացրել է, որ նմանատիպ սահմանափակումներ կարող են կիրառվել նաև այլ ԶԼՄ-ների նկատմամբ։
«Հպարտությամբ հայտարարում եմ, որ այսուհետ արգելում եմ CNN, MS NOW և Politico կեղծ լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն՝ նրանց կողմից անընդհատ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ (FAKE NEWS) տարածելու պատճառով»,- ուրբաթ օրը Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Ըստ նրա՝ նախագահի, վարչակազմի կամ ԱՄՆ-ի գործունեությունը լուսաբանելիս լրատվամիջոցները «չպետք է անընդհատ հերյուրանքներ ու ստեր գրեն կամ տարածեն»։ Ավելի ուշ՝ Օվալաձև կաբինետում, Թրամփն իր որոշումը բացատրել է նրանով, որ հոգնել է «կեղծ լուրերից»։ Իսկ այն հարցին, թե կոնկրետ որ հրապարակումն է դարձել արգելքի պատճառ, նա պատասխանել է, որ խոսքը վերջին մի քանի տարիների հրապարակումների ամբողջության մասին է:
Ընդ որում, ուրբաթ կեսօրին վերոնշյալ լրատվամիջոցների լրագրողները դեռ շարունակում էին աշխատել Սպիտակ տան տարածքում։ Թրամփը չի հստակեցրել, թե գործնականում ինչպես է իրագործվելու հայտարարված արգելքը։
Reuters գործակալության տվյալներով՝ Սպիտակ տունն այդ երեք պարբերականներին տեղեկացրել է, որ շաբաթ օրվանից համալիրի մուտքը նրանց համար փակ կլինի։
CNN-ը հայտարարել է, որ լիովին աջակցում է Սպիտակ տանն աշխատող իր թիմին և նրանց աշխատանքը համարում է արդար ու ճշգրիտ: Հեռուստաալիքն ընդգծել է, որ ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը պաշտպանում է կառավարության գործունեությունն առանց իշխանությունների միջամտության լուսաբանելու լրագրողների իրավունքը, իսկ հնարավոր արգելքն անվանել է ապօրինի ոտնձգություն այդ իրավունքի նկատմամբ։
Politico-ն նույնպես հայտարարել է, որ շարունակելու է լուսաբանել ներկայիս և ապագա վարչակազմերի գործունեությունը և պաշտպանելու է իր իրավունքները, որոնք երաշխավորված են Առաջին փոփոխությամբ։ Պարբերականը նաև հերքել է Թրամփի այն պնդումը, թե ԱՄՆ կառավարությունը 8 միլիոն դոլարի ապօրինի վճարում է կատարել իրենց բաժանորդագրվելու համար՝ նշելով, որ դա արդեն իսկ հերքված տեղեկություն է։
Նախագահը հավելել է, որ սահմանափակումները կարող են տարածվել նաև այլ լրատվամիջոցների վրա։ Լրագրողների հետ զրույցում նա հիշատակել է The New York Times-ն ու The Washington Post-ը՝ դրանք նույնպես անվանելով «կեղծ լուրեր»։
Թրամփի որոշումը հարցեր է առաջացրել առ այն, թե արդյոք այս արգելքը չի հակասում խոսքի և մամուլի ազատությունը երաշխավորող Առաջին փոփոխությանը: Լրատվամիջոցները և մամուլի ազատությունը պաշտպանող կազմակերպությունները հայտարարել են դատարանում սահմանափակումները վիճարկելու պատրաստակամության մասին: AP-ն նկատում է, որ խոսքը կարող է վերաբերել այսպես կոչված քաղաքական հայացքների հիմքով խտրականությանը, քանի որ սահմանափակումները թիրախավորում են կոնկրետ պարբերականների՝ հենց նրանց հրապարակումների բովանդակության պատճառով։
Սա Թրամփի և լրագրողների միջև առաջին հակամարտությունը չէ: Ավելի վաղ նրա վարչակազմը սահմանափակել էր Associated Press-ի մուտքը Սպիտակ տան որոշ միջոցառումներին այն բանից հետո, երբ գործակալությունը հրաժարվել էր օգտագործել Թրամփի առաջարկած «Ամերիկայի Մեքսիկական ծոց» անվանումը: AP-ն դատական կարգով վիճարկել էր նաև այդ սահմանափակումները։




























