Ամերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատի են տվել ԱՄՆ վարչակազմին այն բանից հետո, երբ Սպիտակ տունն իրենց լրագրողներին զրկել է հավատարմագրումից՝ հրապարակված նյութերից դժգոհ լինելու պատճառով։ Այս մասին նշված է երեք պարբերականների համատեղ հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին արգելել էր CNN-ի, MSNOW-ի և Politico-ի աշխատանքը Սպիտակ տանը՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ։ Հաջորդ իսկ օրը լրագրողների մուտքը Սպիտակ տուն արգելվել էր, իսկ նրանց անցագրերը՝ չեղարկվել կամ առգրավվել։

«Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք կառավարությանը, որ դատական հայց ենք ներկայացնում Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված մեր իրավունքները պաշտպանելու համար։ Մենք վերահաստատում ենք այն սկզբունքը, որ իշխանությունը չպետք է որոշի, թե մամուլն ինչ հրապարակի կամ լուսաբանի», — ասված է լրատվամիջոցների հայտարարության մեջ։

Ըստ լրատվամիջոցների՝ Սպիտակ տունն առանց նախնական ծանուցման ու պատշաճ ընթացակարգի զրկել է իրենց լրագրողներին հավատարմագրումից՝ լուսաբանումներից դժգոհ լինելու պատճառով։ CNN-ը, MSNOW-ն և Politico-ն ընդգծում են, որ նման քայլը սպառնում է մամուլի ազատությանը և խաթարում անկախ լրագրություն ստանալու հանրության իրավունքը։