Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի օրենսդիրներին շնորհավորել է ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և նշել, որ Մոսկվայի ու Երևանի համագործակցությունը բխում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից։
«Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ռուս-հայկական բազմամյա համագործակցությունը հենվում է բարեկամության ու բարիդրացիության ավանդույթների վրա, բխում է մեր երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը», - ասված է ԴԽ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հղված հեռագրում։
Մատվիենկոյի խոսքով՝ Դաշնության խորհրդում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում են «որպես միջպետական փոխգործակցության ողջ համալիրի անբաժանելի մաս»։
«Ձեզ և ձեր գործընկերներին մաղթում եմ հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասված է շնորհավորական ուղերձում։





























