ԱՄՆ արդարադատության նախարարությունը գտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իրավասու է սեփական հայեցողությամբ, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, զրկել լրատվամիջոցներին Սպիտակ տուն մուտք գործելու իրավունքից։ Այս մասին է վկայում դատական փաստաթուղթը, որն ամերիկյան վարչակազմը ներկայացրել է ի պատասխան «CNN», «MSNOW» հեռուստաալիքների և «Politico» առցանց պարբերականի ներկայացրած հայցի։
Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր «CNN»-ի, «MSNOW»-ի և «Politico»-ի՝ Սպիտակ տանը աշխատելու արգելքի մասին՝ մեղադրելով նրանց «կեղծ նորություններ» տարածելու մեջ։ Ի պատասխան՝ բոլոր երեք լրատվամիջոցները դատի են տվել ԱՄՆ վարչակազմին՝ պնդելով, որ խախտվել է խոսքի ազատության մասին ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը։
«Ի վերջո, Սպիտակ տուն մուտք գործելն արտոնություն է, այլ ոչ թե իրավունք․․․ Նախագահն «էական շահագրգռվածություն» ունի բարեխիղճ լրագրողների համար նվազագույն չափանիշների պահպանումն ապահովելու և ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը պաշտպանելու հարցում»,- ասված է առարկության մեջ։
Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ նախագահը «CNN»-ի, «MSNOW»-ի և «Politico»-ի կողմից իրադարձությունների լուսաբանման մի շարք միջադեպեր է արձանագրել, որոնք սպառնացել են ազգային անվտանգությանը»։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թրամփը չի զրկել հավատարմագրումից իրեն քննադատող մյուս լրատվամիջոցներին։
«Նրանք (հավատարմագրումից զրկված լրատվամիջոցները) պատշաճ ծանուցում են ստացել և (Սպիտակ տուն մուտքից) զրկվելուց հետո իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն են ունեցել, այդ թվում՝ նախագահի փաստացի եզրահանգումները վիճարկելու հնարավորություն»,- նշված է փաստաթղթում։




























