Հյուսիսային Կորեան, հավանաբար, փորձարկել է հիպերձայնային զենք, որը կարող է շրջանցել հակահրթիռային պաշտպանության համակարգերը և հնարավոր է՝ դժվար լինի դրան հետևելն ու կալանելը, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել են վերլուծաբանները։
Կիրակի օրը Հարավային Կորեան և Ճապոնիան հայտարարեցին, որ Հյուսիսային Կորեան երկրի արևելյան ափի մոտ երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։ Սեուլն ու Տոկիոն դատապարտել են փորձարկումները՝ դրանք անվանելով սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։
Հյուսիսային Կորեան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զենք է փորձարկվել։ Պետական լրատվամիջոցները հայտնել են միայն «նոր տեսակի զենքի հաջող փորձարկման» մասին՝ այն «գերժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների» ցուցադրում անվանելով։
Վերլուծաբանների կարծիքով՝ խոսքը կարող էր վերաբերել հյուսիսկորեական Hwasongpho-11Ma-1 կարճ հեռահարության հիպերձայնային բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակին։ Դրա հեռահարությունը գնահատվում է 450–600 կմ։
«Այն նախատեսված է Կորեական թերակղզում առանցքային ռազմական օբյեկտները չափազանց կարճ ժամկետում խոցելու համար»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտարարել է Սեուլում Հյուսիսկորեական հետազոտությունների համալսարանի նախկին ռեկտոր Յան Մու Չժինը։
Հյուսիսկորեական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր՝ Չժու Էի հետ միասին հետևում է էկրանին, որտեղ ցուցադրված է Hwasongpho-11Ma-1 նշումով հրթիռի թռիչքի հետագիծը։
Կորեայի պաշտոնական կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այդ զենքի զարգացումը կարող է հակառակորդների համար «անբուժելի գլխացավանք» ստեղծել և նրանց «դաժան ու անխուսափելի հարված» հասցնել։
Միևնույն ժամանակ վերլուծաբանները կոչ են անում մեկ փորձարկման արդյունքներով վերջնական եզրակացություններ չանել։ Կորեական ռազմական հարցերի ինստիտուտի հետազոտող Հոն Սոն Պյոն նշել է, որ մեկ հաջող ցուցադրությունը դեռ չի հաստատում զենքի հայտարարված բնութագրերը։
Նրա ասելով՝ եթե նման հրթիռն ընդունվի սպառազինության, դրանից պաշտպանվելը չափազանց դժվար կլինի։ Նվազման փուլում այն կարող է մանևրել հետագծի վերջնամասում, ինչի պատճառով այն ավելի դժվար է հետևել և կալանել, հատկապես հիպերձայնային արագության դեպքում։
Մեկ այլ վերլուծաբան՝ հետազոտող Չան Իլը, կարծում է, որ փորձարկումները կարող են կապված լինել ոչ միայն հյուսիսկորեական սպառազինության զարգացման, այլև Ռուսաստանի ռազմական կարիքները բավարարելու համար պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ստուգման հետ։
2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ՀԿԺՀ-ն զգալիորեն ամրապնդել է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել ռուսական բանակին աջակցելու համար՝ տնտեսական շահերի և ռազմական տեխնոլոգիաների դիմաց։




























