ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հետաքրքրվածություն են հայտնել սահմանափակ հրադադարի հարցում, որը կներառեր երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և հացահատիկի փոխադրումների դադարեցումը, հայտնում է Associated Press-ը։

Ռուբիոն դրա մասին լրագրողներին հայտնել է չորեքշաբթի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Պետքարտուղարի գնահատմամբ՝ նույնիսկ մասնակի պայմանավորվածության հասնելը հեշտ չի լինի, սակայն այն կարող է իմաստ ունենալ, նույնիսկ եթե չհանգեցնի հակամարտության լիակատար դադարեցմանը։

«Դա հեշտ չի լինի, բայց երկու կողմերն էլ հետաքրքրվածություն են հայտնել դրանում»,- ասել է Ռուբիոն։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ աջակցել է վերոնշյալ ծրագրին։

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ նման պայմանավորվածության ձեռքբերման գործում։

«Մենք միանգամայն պատրաստ կլինեինք աջակցել դրան՝ կրկին ընդունելով, որ դա վերջ չի դնի պատերազմին, սակայն հնարավորություն կընձեռի լուծել խնդիրներից մեկը և, հնարավոր է, մեկնարկային կետ կամ հարթակ ծառայի ավելի լայն համաձայնության համար»,- ասել է նա։

Ռուբիոյի գնահատմամբ՝ սահմանափակ պայմանավորվածությունները կարող են դառնալ ավելի լայնածավալ հարցերի լուծման առաջին քայլը, որոնք կապված են շարունակվող հակամարտության հետ։