Ռումինիայի հյուսիսում՝ Սուչավա նահանգի Սոլկա բնակավայրի մոտ, ուկրաինական կողմից ներթափանցած անօդաչու թռչող սարք է ընկել։ Զոհեր և ավերածություններ չկան, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Մինչ այդ ռադարներն օդային տարածքի խախտում էին արձանագրել, ինչից հետո իշխանությունները ոտքի էին հանել հերթապահ ավիացիան, իսկ հարակից չորս բնակավայրերում հինգշաբթի առավոտյան ժամանակավորապես դադարեցրել դպրոցական դասերը։

«Օդային թիրախը Ռումինիայի երկնքում է գտնվել ընդամենը չորս րոպե, ինչից հետո ընկել է Սոլկա բնակավայրի մոտակայքում՝ առանց նյութական վնասների կամ տուժածների», — նշված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության օպերատիվ խմբերը շրջափակել են հարակից անտառային հատվածը։ Մասնագետների փոխանցմամբ՝ ընկածը փոքր չափերի դրոն է, որի հարվածից հրդեհ չի բռնկվել։ Տարածքը զննելու նպատակով Բակաուի 95-րդ ավիաբազայից օդ է բարձրացվել նաև Ռումինիայի ՌՕՈՒ-ին պատկանող ուղղաթիռը:

ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Սուչավայի չորս բնակավայրերում դպրոցների աշխատանքը հետաձգվել էր մինչև առավոտյան 10:00-ը։ Տեղի բնակիչներին նախապես զգուշացրել էին Ro-Alert համակարգով, իսկ Բորչայի ավիաբազայից օդ են բարձրացվել նաև F-16 կործանիչներ։

Վերջին երկու շաբաթում սա արդեն անօդաչուների հետ կապված երրորդ ահազանգն է երկրի հյուսիսում։ Ավելի վաղ դրոնների բեկորներ են հայտնաբերվել նաև երկրի հարավ-արևելյան Տուլչա նահանգում: