ԿՀՎ-ի պնդմամբ՝ Ռուսաստանը ծրագրում է ծովից անօդաչու սարքերով հարվածներ հասցնել Իտալիային, Իսպանիային և Ֆրանսիային։ Մոսկվան մտադիր է իր գործողությունների ուղղությունն Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից ընդլայնել դեպի Միջերկրական ծովի ավազան և Արևմտյան Եվրոպա։
Իսպանական El Mundo պարբերականի տվյալներով՝ ռուսական իշխանությունները մտադիր են ծովում գտնվող բեռնարկղատար նավերից արձակել դրոններ՝ հարվածներ հասցնելով նավահանգիստներին, օդանավակայաններին և ենթակառուցվածքի այլ օբյեկտների։
Առևտրային նավերից արձակված անօդաչու սարքերը կկարողանան հասնել Իսպանիայի ամբողջ արևելյան մասին, ներառյալ Մադրիդը և Անդալուսիայի առողջարանային շրջանները, Իտալիայի գրեթե ամբողջ տարածքին՝ բացառությամբ նրա հյուսիս-արևելքի, ինչպես նաև Ֆրանսիայի հարավի մեծ մասին՝ ներառյալ Թուլուզն ու Մարսելը։
NATO-ի ներկայացուցիչը The Telegraph-ին հայտնել է, որ եվրոպական դաշնակիցները պատրաստվում են Ռուսաստանի՝ Արևմուտքի դեմ հիբրիդային արշավի «ուժեղացմանը», որը ներառում է ագրեսիվ տեղեկատվական գործունեություն և բռնի հարձակումներ։
Ինչպես հաղորդվում է, ԿՀՎ-ն զգուշացրել է Փարիզին, Մադրիդին և Հռոմին Եվրոպայի հարավային թևում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների դեմ հետախուզական և փորձնական հարձակումների հնարավոր ուժեղացման մասին։
«Նրանք կօգտագործեն ծովից արձակվող և բեռնափոխադրական բեռնարկղներում թաքցված դրոններ․ դա բոլորովին էլ դժվար չէ»,- El Mundo-ին ասել է Լիտվայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած անանուն աղբյուրը։
Ըստ առկա տվյալների՝ լիտվական իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանը ծրագրում է օգտագործել Gerbera տեսակի անօդաչու սարքեր՝ համեմատաբար փոքր թռչող ապարատներ, որոնք կարելի է թաքցնել ծովային կոնտեյներների ներսում և արձակել կատապուլտի օգնությամբ։
Gerbera-ի երկարությունը մոտ 2 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 2,5 մետր։ Անօդաչու սարքը կարող է զարգացնել մոտ 160 կմ/ժ արագություն և ունի թռիչքի առավելագույնը մոտ 600 կիլոմետր հեռավորություն։
Հաղորդվում է, որ Վիլնյուսը և եվրոպական այլ մայրաքաղաքներ հնարավոր նոր դրոնային հարձակումների մասին նախազգուշացման մասին իմացել են ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած խորհրդավոր այցից կարճ ժամանակ անց։
Լրատվամիջոցները ենթադրում էին, որ Ռեթքլիֆը մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ցանկացած հարձակումներից կամ սադրանքներից։
Դանիայի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռուսական ռազմական գործողությունների ռիսկն աճում է։ Միաժամանակ այն լայնածավալ ներխուժումը անվանել է «ծայրահեղ անհավանական», թեև ամբողջությամբ չի բացառել այն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հինգշաբթի հայտարարել է, որ դաշինքը «պատրաստ է» ռուսական կիբերհարձակումներին և հիբրիդային պատերազմի այլ ձևերին։
«Ռուսաստանն ավելի ու ավելի ակտիվ է գործում կիբերտարածությունում և նման այլ ոլորտներում, սակայն… ՆԱՏՕ-ն պատրաստ է դրան,- ասել է Ռյուտեն։- Մենք ունենք արձագանքման բոլոր անհրաժեշտ տարբերակները… հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար, որպեսզի մնանք ուժեղ»,- հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Նա երկրներին կոչ է արել «ավելի շատ աջակցել Ուկրաինային», եթե նրանք «իսկապես ուզում են ռուսներին ազդակ ուղարկել՝ ի պատասխան յուրաքանչյուր հիբրիդային միջադեպի և հիբրիդային հարձակման»։
Ռուսական ռազմական ռազմավարության վրա մասնագիտացած բրիտանացի վերլուծաբան Քիթ Ջայլզը հայտարարել է, որ Իսպանիայի հեռավորությունը ռուսական սահմանից չի երաշխավորում նրա անվտանգությունը։
«Պարտադիր չէ, որ թիրախ դառնան առաջնագծում գտնվող երկրները։ Թիրախը կլինի այն վայրը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենաթույլ օղակը», El Mundo-ին ասել է նա։
Ըստ Ջայլզի՝ Իսպանիան, ինչպես և Մեծ Բրիտանիան, հատկապես խոցելի է, քանի որ « Ռուսաստանի սպառնալիքին համապատասխան ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերում ներդրում չի արել։ Ռուսաստանը փնտրում է մի տեղ, որտեղ ցանկացած կոնկրետ գործողություն առավելագույն ազդեցություն կտա կայունության, քաղաքացիական պաշտպանության և քաղաքական կայունության պակասի պատճառով»։
Թիրախի ընտրությունը որոշվում է «անընդհատ փոփոխվող հավասարմամբ», նշել է Ջայլզը




























