Արդեն մոտավորապես 500 օր է, ինչ նշանակվել եմ Հայաստանում Չինաստանի դեսպան, և այս ժամանակահատվածում ականատես եմ, թե հայ–չինական հարաբերությունները ինչ արագ տեմպերով են զարգանում։ Այս մասին NEWS.am–ի և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լի Սինվեյը։
«Առաջին կարևոր աշխատանքը, որին ես ականատես եմ եղել, դա իհարկե, Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է, որը ստորագրվել է 2025–ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից։ Անցած տարի Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Չինաստանում էր, որի ընթացքում շատ կարևոր հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել, և նաև որոշում է կայացվել, որ Հայաստանը պետք է անդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշկեկում մասնակցել է ՇՀԿ–ի գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև Չինաստանի նախագահը։ Այդ գագաթնաժողովում նախագահ Սի Ծինփինը ևս մեկ անգամ հրավիրել է վարչապետ Փաշինյանին այցելել Չինաստան։ Նմանատիպ անգամ կարճատև շփումները երկու երկրների ղեկավարների միջև շատ կարևոր են հարաբերությունների զարգացման համար»,–ասաց նա։
Բացի այդ, ըստ դեսպանի, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ավելի է սերտացել, Հայաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Չինաստան, վերջերս Չինաստանից խորհրդարանական պատվիրակություն էր եկել Հայաստան. «Ամենակարևորը, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում հիմնված են փոխշահավետության և փոխադարձ հարգանքի վրա։ Տարբեր հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար, մենք ունենում ենք շփումներ և գալիս ենք ընդհանուր հայտարարի շատ հեշտությամբ։ Քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջև շատ հարթ է ընթանում, քանի որ այն հիմնված է փոխվստահության վրա»,– ընդգծեց Լի Սինվեյը։
Նա նկատեց, որ ընդհանրություններ կան Չինաստանը կառավարության 15-րդ հնգամյա ծրագրի և Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրի միջև. «Այդ ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը և էներգետիկայի ոլորտներին։ Չինաստանը շատ վաղուց իրականացնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, իսկ Հայաստանն առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և երկու երկրները հետաքրքրված են, որ այս երկու նախաձեռնությունների շրջանակներում ընդհանուր համագործակցության եզրեր գտնեն, այդ երկու նախագծերը միացնեն իրար։
Մենք ողջունում ենք հայկական կողմի առաջ քաշած «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Մեր երկու երկրները մշտապես աջակցել են իրար և որևէ հարցում չեն ունեցել տարաձայնություն։ Ես տեսնում եմ, թե տարեցտարի ինչքան ավելի արագ է զարգանում մեր երկկողմ համագործակցությունը։
Այս մեկ տարվա ընթացքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչքան ձեռքբերումներ ենք ունեցել երկկողմ համագործակցության մեջ, և եթե հաշվի առնենք, թե Չինաստանի, թե Հայաստանի կողմից առաջ քաշված կառավարության ծրագրերը, մեր համագործակցությունը էլ ավելի կզարգանա և մեր պատկերացրածից ավելի շատ արդյունքներ կունենանք»,–համոզմունք հայտնեց դեսպանը։




























