Մետաքսի ճանապարհի ժամանակներից սկսած 2000 տարի առաջ մեր երկու երկրների ժողովուրդները արդեն ունեցել են բարեկամական կապեր, իրար հետ առևտուր են արել։ Այս մասին NEWS.am–ի և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լի Սինվեյը։
«Հայաստանի պատմության թանգարանում Մետաքսի ճանապարհով անցնող չինական ճենապակիներ եմ տեսել։ Բացի դրանից նաև հայկական գինին, հայկական համեմունքներն են անցել այդ ճանապարհով դեպի Չինաստան։ Գիտեմ, որ Հայաստանը նաև գինեգործության շատ հարուստ պատմություն ունի և բարձրորակ արտադրանքներ ունի հիմա։
Այս ամենն ասում եմ, որովհետեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նաև մշակույթի անբաժանելի մասն է։ Այստեղ կարող ենք մատնանշել Վարդան Մամիկոնյանին, որը նաև մեր երկու երկրների բարեկամության խորհրդանիշ է արդեն դարձել։ Երկու երկրներն արդեն 2000 տարվա ընկերներ են, անծանոթներ չեն, և հենց սրա շնորհիվ է, որ երբ հայն ու չինացին հանդիպում են, միանգամից լեզու են կարողանում գտնել և տպավորություն է բոլորի մոտ, թե իրենք շատ վաղուց են իրար ճանաչում»,–ասաց նա։
Դեպանի խոսքով, 10 տարի առաջ, երբ որ առաջ է քաշվել «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, նպատակը եղել է այն, որ վերականգնվի Մետաքսի ճանապարհի ժամանակահատվածի շունչը. «Հայաստանը առաջիններից է միացել «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։
Այս տարի ընդունվել է Չինաստանի 15-րդ հնգամյա ծրագիրը, որտեղ նշվում է, որ Չինաստանը զարգացնելու է «մեր գոտի, մեկ ճանապարհը», բարձրացնելու է Չինաստան-Եվրոպա երթուղային բեռնափոխադրումների զարգացման մակարդակը:
Հայաստանը գտնվում է Անդրկովկասում և Եվրասիական մայրցամաքի խաչմերուկում, կապում է Ասիան և Եվրոպան։
Կովկասով անցնող երթուղին, որը Չինաստան–Եվրոպա երթուղային երթուղային բեռնափոխադրումների հարավային միջանցքի նոր երթուղին է, անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, և շարունակաբար զարգանում է։
«Խաղաղության խաչմերուկը», որը Հայաստանի կառավարությունն առաջ է քաշել, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այս նախաձեռնության մեջ կարևորը այն է, որ այդտեղ կա խաղաղություն բառը, որը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Չինաստանը ողջունում է խաղաղասիրությունը, քանի որ չինացիները ևս խաղաղասեր ժողովուրդ են»,– հայտարարեց Լի Սինվեյը։
Նա նկատեց, որ երբ նոր էր եկել Հայաստան, Երևան-Ուրումչի ընդամենը շաբաթական մեկ չվերթ կար, իսկ հիմա շաբաթական վեց չվերթ կա. «Երևանի փողոցներում կարող ենք ավելի շատ չին զբոսաշրջիկներ տեսնել, և նրանք գնալով ավելանում են։ Չին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 17%-ով, նաև հայերի շրջանում աճել է հետաքրքրությունը Չինաստանի նկատմամբ։ Շատերը արդեն գնում են Չինաստան ճանապարհորդելու։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Չինաստան և դիտարկել Չինաստանը որպես տուրիստական ուղղություն։ Եթե զբոսաշրջիկների թիվը դեպի Չինաստան և դեպի Հայաստան աճի, չվերթները ավելի կշատանան և դա էլ կբերի ավիատոմսերի էժանացման։
Չինաստանը նաև հնարավորությունների երկիր է, այնտեղ կարելի է աշխատանք գտնել, նաև բարձրագույն ուսում ստանալու համար շատ լավ տեղ է։ Ես վստահ եմ որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը ավելի է սերտանալու»,–ասաց նա։
Անդրադառնալով արհեստական բանականության, թվային տնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ–չինական հնարավոր համագործակցությանը, դեսպանը նշեց. «Չինաստանը արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրներից մեկն է, բայց Չինաստանը չի ձգտում թվային գերիշխանության և չի իրականացնում տեխնոլոգիական շրջափակում։ Չինաստանը կարևորում է ԱԲ ոլորտում ներառական ծրագրերը։
Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում և ընդհանրապես Հայաստանում գտնվելու ընթացքում նկատել եմ, թե Հայաստանը ինչքան է կարևորում նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականության ոլորտի զարգացումը, չիպերի արտադրությունը, և կան հստակ ծրագրեր, որոնք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել այդ ոլորտներում։ Հայաստանի առավելությունն այն է, որ նա իրականացնում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար, ինչպես նաև Հայաստանում Ժողովուրդը մեծ առավելություն է, քանի որ լավ մասնագետներ կան այստեղ։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը փոքրուց շատ մեծ տաղանդ ունի դեպի մաթեմատիկան, մաթեմատիկական տրամաբանությունը շատ զարգացած է երեխաների մոտ։ Սա շատ մեծ առավելություն է նման ոլորտները զարգացնելու համար։
Նկատվում է, թե որքան ներդրումներ են գալիս Հայաստան, և մեծ մասը հենց արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ոլորտում է իրականացվում։ Մեր երկու երկրների համապատասխան կառույցները քննարկումներ են իրականացնում նաև այդ ոլորտում մեր համագործակցությունը սերտացնելու համար։ Ես վստահ եմ, որ հետագայում մենք արդյունքները կտեսնենք և բավականին լավ համագործակցություն կունենանք։
Ամենակարևորը այն է, որ օրինակ Չինաստանի հետ համագործակցությունը չի կարող խանգարել այլ երկրների հետ համագործակցությանն այդ ոլորտում։ Չինաստանը այդ ոլորտում ունի իր առավելությունները, Եվրոպան, Ամերիկան՝ իրենց առավելությունները, Ռուսաստանն՝ իր առավելությունները և բոլորի հետ կարելի է համագործակցել։ Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Հայաստանը շատ մեծ ձեռբերումներ կունենա այդ ոլորտում և շատ մրցունակ կդառնա այլ երկրների հետ համեմատած։ Այդ ոլորտների զարգացումը բնականաբար կնպաստի հայ ժողովրդի բարգավաճմանը»։




























