Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թղթե սուլթան» է, հինգշաբթի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում թուրք առաջնորդի ելույթից հետո։

Կացը Էրդողանին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորելու և աջակցելու մեջ, ինչպես նաև հայտարարել, որ Թուրքիայի նախագահը երազում է «վերականգնել Օսմանյան կայսրությունը»։ Դրա մասին իսրայելցի նախարարը գրել է X-ում։

«Այժմ նա ստորագրել է «Մեքքայի համաձայնագիրը», որպեսզի պաշտպանի Սաուդյան Արաբիան»,- հայտարարել է Կացը։- Բայց երբ հութիները հրթիռներ արձակեցին Մեքքայի ուղղությամբ, և եկավ իր խոսքը պահելու ժամանակը, նա օդում ցնդեց»։

Կացը միաժամանակ Թուրքիայի նախագահին Իսրայելի դեմ սադրանքները դադարեցնելու կոչ է արել։

«Իսրայելը հզոր է և գիտի, թե ինչպես պաշտպանել իրեն։ Մենք քրդեր չենք և ոչ էլ այն հուսահատ մարդիկ, որոնց նա մինչ օրս շարունակում է ճնշել Թուրքիայում», — հայտարարել է նախարարը։

Երեքշաբթի, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Էրդողանը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն այլևս ի վիճակի չէ լիարժեք կատարել խաղաղության պահպանման իր պարտականությունը և կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը։

Նա դատապարտել է նաև Գազայում տիրող իրավիճակը։ «Ոչ ոք, ում սրտում կա մարդասիրություն, կարեկցանք և ողորմածություն, ով առաջնորդվում է արդարության զգացումով և խղճով, չի կարող աչք փակել այնտեղ կատարվողի վրա»,- հայտարարել է Էրդողանը։

Նա Պաղեստինը չճանաչած երկրներին կոչ է արել վերանայել իրենց դիրքորոշումը, իսկ բոլոր պետություններին՝ ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա, որպեսզի վերջ դրվի Գազայի պատերազմին։ Էրդողանը այնտեղ կատարվողն անվանել է «մեր ժամանակների ամենաանմարդկային և ամենախայտառակ համակենտրոնացման ճամբարը»։