Քաղաքական գործիչ և գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը կարծում է, որ Եվրոպայում Հայաստանին չեն սպասում։ Նա իր կարծիքը հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Հարցին՝ ինչպես կվարվի իր ղեկավարած ուժը, եթե Փաշինյանը «վաղը հանձնի Տիգրանաշենը», Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը չի կարող վաղը նման քայլի դիմել։ Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ կձեռնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, քաղաքական գործիչը պատասխանել է․ «Ինչ պետք լինի, այն էլ կանենք»։
Եվրաինտեգրման վերաբերյալ հարցին Կարապետյանը վստահեցրել է, որ ինքն անձամբ կողմ է եվրոպական բազմաթիվ արժեքների։ Ինչ վերաբերում է քաղաքական կուրսին, նա կարծում է, որ «Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում», քանի որ ԵՄ-ում չկա ոչ մի երկիր, որը ֆիզիկական սահման չունենա Միության հետ։ «Անհասկանալի քայլեր են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար։ Կտեսնենք, թե օրենքը ինչ աղետների կհանգեցնի, այն ժամանակ էլ կխոսենք»,- նշել է Կարապետյանը։
Քրեական գործի վերաբերյալ հարցին Կարապետյանը նշել է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ կերպ է առնչվում դրան։ Փաշինյանի համար կարևոր է, որ ես մնամ կալանքի տակ, որպեսզի անի այն ամենը, ինչ պահանջում է Ալիևը, կարծում է քաղաքական գործիչը։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Դադիվանքի վերաբերյալ վերջերս արված աղմկահարույց հայտարարությունը՝ Կարապետյանն այն անվանել է մեր ժողովրդի և երկրի հերթական նվաստացումը՝ ՀՀ իշխանությունների շնորհիվ։ Նրա գնահատմամբ՝ պետք է ամեն օր սպասել նոր նվաստացումների, քանի դեռ այս իշխանություններին չեն հեռացրել։ «Նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում, իսկ Բաքուն ուժեղացնում է ճնշումը։ Ալիևը կանգ չի առնի։ Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունները չեն կարող դա ապահովել։ Փաշինյանը կարող է սոսկ թվացյալ ժամանակավոր խաղաղություն տալ»,- հայտարարել է Կարապետյանը՝ հավելելով, որ սահմանադրությունից հետո նաև տարածքային զիջումներ կհաջորդեն։
Ինչ վերաբերում է նրան, թե համայնքներից մեկի կողմից նվիրաբերված կոմբայնը կարող է արդյոք դիտարկվել որպես կաշառք, նա խոստացել է կոմբայն նվիրել իշխանություններին․ «Ուրախ ավտոբուսը կփոխարինեն կոմբայնով և դրանով կգնան Ադրբեջան»։
Պետք է կանգնեցնել այս իշխանություններին, հակառակ դեպքում մեզ դառը ապագա է սպասում, եզրափակել է քաղաքական գործիչը։





























