Իրաքն ուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ փորձելով բացառություն ապահովել իրանական ավիաընկերությունների թռիչքների արգելքից, որն արդեն իսկ լուրջ խոչընդոտներ է ստեղծել բուժման մեկնողների, ուսանողների և ուխտավորների համար, հայտնում է AFP-ն։
«Իրաքի կառավարությունն ուղղակի բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ՝ իրաքյան որոշ օդանավակայաններ այդ միջոցներից ազատելու նպատակով», — նշված է Իրաքի վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։
Բաղդադում հույս ունեն, որ սահմանափակումների վերացումը թույլ կտա վերականգնել ավիահաղորդակցությունը «հումանիտար նկատառումներով, այդ թվում՝ բուժօգնության, կրթության, կրոնական ուղևորությունների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շահերից ելնելով»։
Արգելքն այս շաբաթ սկսել են կիրառել Իրաքի բոլոր օդանավակայանները։ Սահմանափակումներից հատկապես տուժել է սրբազան Էն-Նաջաֆ քաղաքի օդանավակայանը, որն Իրանից դեպի Իրաք իրականացվող չվերթների հիմնական ուղղությունն է։
Իրանական ավիաընկերությունները տեղափոխում են ոչ միայն Իրաքի շիական սրբավայրեր այցելող իրանցիներին, այլև Իրանի սրբազան քաղաքներ մեկնող իրաքցի ուխտավորներին։ Բացի այդ, այդ չվերթներից օգտվում են Իրանում սովորող իրաքցի ուսանողներն ու այնտեղ բուժման մեկնող պացիենտները։
AFP-ի փոխանցմամբ՝ մի շարք իրաքցիներ պատմել են սահմանափակումներից հետո ծագած դժվարությունների մասին։ Ոմանք մտավախություն ունեն, որ այլևս չեն կարողանա Իրանում ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Մյուսները մնացել են այնտեղ և ստիպված են Իրաք վերադառնալ ցամաքային ճանապարհով, ինչը տևում է ավելի քան 12 ժամ։
Իրաքը միացել է մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրություններին, որոնք սկսել են ամերիկյան սահմանափակումներ կիրառել այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իրանական ավիաընկերությունները «կփակվեն»։
Իրաքն ու Իրանը, որտեղ բնակչության մեծամասնությունը շիա մուսուլմաններ են, սերտ կրոնական, քաղաքական և տնտեսական կապեր ունեն։
Ընդ որում, իրաքյան ավիաընկերությունները դեպի Իրան թռիչքները դադարեցրել էին դեռևս փետրվարին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր։





























