«Քաղաքական լճացման այս շրջանում մեր կուսակցությունը որոշում է կայացրել կասեցնել իր անդամակցությունը ՀԱԿ-ին»,- դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Նշելով, որ ինքն այլեւս անհնարին է համարում այդ դաշինքի հետ համագործակցությունը, Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ իր համար ակնհայտ է դարձել, որ «այդ քաղաքական ուժի զինանոցը խիստ տկար է եւ իշխանությունը վերցնելու անընդունակ»: «Հայ ազգային կոնգրեսը ոչ միայն չիրագործեց իշխանափոխության իր ծրագիրը, այլ նաեւ չկարողացավ տնտեսական, արտաքին եւ ներքին քաղաքականության նոր դրույթներ մատուցել հասարակությանը»,- հստակեցրեց նա։

Ընդգծելով, որ ՀԱԿ-ը այդպես էլ մնաց «ՀՀՇ-ական հեգեմոնիայի սկզբունքներով ղեկավարվող ընդդիմություն»՝ Մարքսիստական կուսակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այն երբեք չդարձավ համաժողովրդական ուժ։ «Ես հպարտ եմ, որ կանգնած եմ եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, սակայն եկել է քաղաքական նոր ուժի ձեւավորման պահը»,- եզրափակեց Դավիթ Հակոբյանը։