ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում RAF Fairford ավիաբազայի մոտ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված հինգ տղամարդիկ ծրագրում էին «մեծ վնաս» հասցնել այդ օբյեկտին, որն օգտագործվում է ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից, հաղորդում է PA Media-ն։

Ամերիկայի նախագահը հայտնել է, որ կասկածյալները որոշ ժամանակ գտնվել են իշխանությունների հսկողության տակ։

«Նրանք պատրաստվում էին մեծ վնաս հասցնել մեր բազային։ Մենք երկար ժամանակ հետևում էինք նրանց և վերջապես ձերբակալեցինք», — ԱՄՆ-ում լրագրողներին է ասել Թրամփը՝ բարձր գնահատելով բրիտանական ոստիկանության գործողությունները։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ամերիկյան որ կառույցներն էին մասնակցում կասկածյալների նկատմամբ հսկողությանը։ Նա նաև ենթադրել է, որ գործողությանը կարող էր ներգրավված լինել Սքոթլանդ Յարդը՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները համագործակցել են բրիտանական իրավապահ մարմինների հետ։

Հինգ տղամարդիկ ձերբակալվել են կիրակի վաղ առավոտյան այն բանից հետո, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել երեք կասկածելի ֆուրգոնների մասին, որոնք շարժվում էին դեպի Գլոսթերշիր կոմսությունում գտնվող RAF Fairford ավիաբազան։ Սկզբում նրանց ձերբակալել էին պայթուցիկների հետ կապված հանցագործությունների կասկածանքով, ապա՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար։

Դրանից հետո շրջանի մոտ 85 տուն տարհանվել է, իսկ դեպքի վայրի շուրջ սահմանվել է անվտանգության գոտի։ Պայթյունավտանգ առարկաների վնասազերծման մասնագետները զննել են երեք ֆուրգոնները։

Բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը շեշտում է, որ հետաքննությունը վաղ փուլում է, և հինգ կասկածյալները շարունակում են մնալ կալանքի տակ։ Քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաև հնարավոր դրդապատճառներն ու ենթադրյալ ծրագրի բնույթը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հրաժարվել է մեկնաբանել ձերբակալվածների հնարավոր կապը Իրանի հետ։ Ըստ նրա, այս փուլում կասկածյալների դրդապատճառների վերաբերյալ եզրակացություններ անելը վաղաժամ և անպատասխանատու կլիներ։

RAF Fairford-ը օգտագործվում է ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից, մասնավորապես՝ ծանր ռմբակոծիչների տեղակայման համար։ Բազան կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանում ամերիկյան գործողությունների համար՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին։ ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները հայտարարել են, որ բազայում զինծառայողները պահպանում են զգոնությունը, սակայն հրաժարվել են բացահայտել անվտանգության կոնկրետ միջոցառումները։