7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել են, ևս 13-ը վնասվածքներ են ստացել Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ուղևորատար միկրոավտոբուսի և թեթև ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է NTV-ն։
Վթարը տեղի է ունեցել Նուրդաղը շրջանում՝ Աջարոբա գյուղական շրջանից ոչ հեռու։
Միկրոավտոբուսը Հաթայից Գազիանթեփ ուղևորվելիս բախվել է ավտոմեքենային։ Հարվածից հետո միկրոավտոբուսը կողաշրջվել է, իսկ թեթև մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել։
Նախնական տվյալներով, բոլոր զոհվածները եղել են թեթև ավտոմեքենայում։ Նրանց թվում եղել են երկու երեխա և հինգ մեծահասակ։ Զոհվածների ինքնությունը ճշտվում է։
Վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական և արտակարգ ծառայությունների խմբեր, այդ թվում՝ հրշեջներ, ոստիկաններ, ժանդարմերիա, Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների կառավարման վարչության (AFAD) աշխատակիցներ, բժիշկներ և ազգային բժշկական փրկարարական UMKE խումբը։
Գազիանթեփի նահանգապետի տեղակալ Իլքեր Էքերը լրագրողներին հայտնել է, որ նախնական վարկածով վթարի պատճառը եղել է թեթև ավտոմեքենայի վարորդի կողմից սխալ վազանցը։
«Սա շատ ողբերգական վթար է։ Նախնական տվյալներով, մեր յոթ քաղաքացիները զոհվել են, 13-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում ծանր վիճակում գտնվողներ չկան»,- հայտարարել է Էքերը։
Նա հստակեցրել է, որ զոհվածները երկու երեխա և հինգ մեծահասակ են, և բոլորը գտնվել են թեթև ավտոմեքենայում։
Փրկարարական և մյուս արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։





























