Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին Ադրբեջանի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարություններն ընդհանուր հաշվով ոչինչ չեն նշանակում, քանի որ նա ով մտադիր է պատերազմ սկսել, դրա մասին վաղօրոք չի ասում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես քիչ հավանական եմ համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը, այդ մասին ասում են եւ մեր հետազոտությունները: Ադրբեջանը ներկայումս պատրաստ չէ պատերազմի, բայց մենք ՝ ռազմական գործիչներս, այդուհանդերձ, պետք է միշտ պատրաստ լինենք դրան»,- նկատեց նա՝ հավելելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակի գործիչները պարտավոր են առաջին հերթին մտածել հակամարտությունների ռազմական լուծումից խուսափելու մասին եւ ձգտել կարգավորել դրանք բացառապես խաղաղ եղանակով՝ բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավական նորմերի շրջանակներում, ինչպես անում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե հանկարծ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, հայկական կողմը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եւ անհրաժեշտության դեպքում, նաեւ ավելին»,- ընգծեց Օհանյանը:

Խոսելով այն մասին՝ կօգնի արդյոք Հայաստանին ՀԱՊԿ-ը, որի անդամ է մեր երկիրը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնվելու դեպքում, նախարարը նշեց. «Եթե Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ՀԱՊԿ-ը, պայմանագրի համաձայն, պարտավոր է օգնել մեզ»: