Հին Եգիպտոսի պատմության մեջ հայտնի են գերագույն իշխանությամբ օժված շատ կանայք։ Նրանցից ամենահայտնիները Հաթշեփսուտը, Նեֆերտիտին և Կլեոպատրան էին։ Սակայն կինը , ըստ ամենայնի, զբաղեցրել է եգիպտական գահը նրանցից շատ ավելի վաղ՝ և, հնարավոր է, գրեթե 1500 տարի շուտ, քան Սոբեկնեֆերուն, որին ավանդաբար համարում են Եգիպտոսի առաջին կին տիրակալը։
Խոսքը Մերետնեյթի մասին է, որի անունը նշանակում է «Նեյթի սիրելի»՝ պատերազմի և մայրության աստվածուհու պատվին։ Նա ապրել է մոտ 5000 տարի առաջ՝ Առաջին դինաստիայի ժամանակաշրջանում։
Prague Egyptological Studies-ում հրապարակված արդյունքներով նոր ուսումնասիրությունը հայտնաբերել է լրացուցիչ վկայություններ, ըստ որոնց Մերետնեյթը , ըստ ամենայնի, սոսկ թագուհի կամ ռեգենտ չի եղել, այլ Եգիպտոսի լիարժեք թագավոր՝ այսինքն՝ գահին գտնվող տղամարդկանց հետ նույն քաղաքական կարգավիճակն ունեցող տիրակալ։
Պրահայի Կառլի համալսարանի եգիպտագետ Սյու Քելլին և Բուխարեստի համալսարանի թվային հնագետ Քրիսթալ Միլլերը կրկին ուսումնասիրել են 13 կավե խցաններ, որոնցով հնում կնքում էին անոթները։ Դրանք հայտնաբերվել էին մոտ 80 տարի առաջ Սակկարայի նեկրոպոլիսում։
Խցանների մակերևույթի վրա պահպանվել էին հիերոգլիֆների վատ տեսանելի պատկերներ։ Հետազոտողները կիրառել են հատուկ թվային մշակում՝ առանձնացրել են հիերոգլիֆները, վերափոխել գույները և պատկերները վերածել բարձր ցայտերանգով վեկտորային գրաֆիկայի։ Դա հնարավորություն է տվել տեսնել Մերետնեյթի անունը այսպես կոչված սերեխի ներսում՝ հատուկ նշանի, որը կապված էր եգիպտական տիրակալների հետ։
«Մեր կարծիքով՝ արդյունքը նույնականացնում է Մերետնեյթին այս ժամանակաշրջանի տիրակալների գլխավոր հատկանիշով»,- ասում է Քելլին։
Հետազոտողները կարծում են, որ դա վկայում է Առաջին դինաստիայի ժամանակ նրա՝ կին-թագավոր լինելու կարգավիճակի մասին։ Եթե նրանց մեկնաբանությունը ճիշտ է, ապա Մերետնեյթը դարձել է Հին Եգիպտոսի երկրորդ կին տիրակալը, որի անունը գրվել է թագավորական սերեխի ներսում, և գրավոր պատմության ամենավաղ կին տիրակալներից մեկը։
Միևնույն ժամանակ Մերետնեյթի կարգավիճակը շարունակում է մնալ գիտական վեճերի առարկա։ Նրա անունը հայտնաբերվել է տարբեր վայրերում, ներառյալ Աբիդոսի և Սակկարայի թագավորական նեկրոպոլիսները, սակայն պատմաբանները մինչ օրս միասնական կարծիքի չեն եկել նրա իշխանության բնույթի վերաբերյալ։
Նրա բացառիկ դիրքի վերաբերյալ այլ վկայություններ էլ կան։ Աբիդոսում գտնվում է Մերետնեյթի մոնումենտալ դամբարանը, որը հետազոտողներն անվերապահորեն թագավորական գերեզման են համարում։ Թաղման համալիրում հայտնաբերվել են հարյուրավոր մեծ գինու անոթներ և գրեթե 50 լրացուցիչ գերեզմաններ ու սենյակներ, որտեղ ծառաներ և պալատականներ էին թաղված։
Մերետնեյթի անունը պահպանվել է նաև նրա դամբարանում հայտնաբերված երկու մոնումենտալ քարե ստելաներից մեկի վրա։ Նման ստելաները բնորոշ էին տիրակալերին։ Երկրորդ ստելան չափազանց վնասված էր՝ անվան առկայությունը հաստատելու համար։
Հետազոտողները ենթադրում են, որ Մերետնեյթի քաղաքական կարիերան կարող էր տևել առնվազն 30 տարի և անցնել մի քանի տարբեր դերերով։
Սկզբում նա, հնարավոր է, եղել է գահի ժառանգորդ կամ իր ենթադրյալ հոր՝ թագավոր Ջերի իշխանակիցը։ Ավելի ուշ Մերետնեյթը կարող էր դառնալ իր որդու՝ Դենի ռեգենտը, երբ նա դեռ երեխա էր։
Դենի դամբարանում հայտնաբերված խորհրդավոր կնիքը, հնարավոր է, պարունակում է տիրակալների կամ նախնիների անունների հաջորդականություն, որոնք կապված էին թաղման պաշտամունքի հետ։ Դրանում Մերետնեյթի անունը նշված է վերջինը և ուղեկցվում է «թագավորի մայր» տիտղոսով։
Կան նաև վկայություններ այն մասին, որ նրա քաղաքական նշանակությունը ճանաչվել է նույնիսկ նրա իշխանության ավարտից հետո։ Նրա անունը պահպանվել է հաջորդ տիրակալ Սեմերխետի դամբարանի կնիքի վրա։ Այլ տեքստեր ցույց են տալիս, որ Մերետնեյթը կարող էր վերահսկել թագավորական գանձարանը և պաշտոնյաներին՝ փաստացի ունենալով իշխանություն առանց պաշտոնական քաղաքական տիտղոսի։
Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ հենց իշխող ընտանիքում կնոջ դիրքն էր Մերետնեյթին թույլ տալիս հանգամանքներից կախված փոխել քաղաքական դերը՝ լինել ժառանգորդ, իշխանակից, ռեգենտ կամ ինքնուրույն կառավարիչ։
Եթե այս մեկնաբանությունը հաստատվի, ապա Հին Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած կանանց պատմությունը կստացվի ավելի հին և ավելի բարդ, քան նախկինում էր համարվում։ Մերետնեյթը կարող էր դառնալ Եգիպտոսի լիարժեք թագավորի դիրք զբաղեցրած կնոջ առաջին հայտնի օրինակը՝ Սոբեկնեֆերուից գրեթե մեկուկես հազար տարի առաջ և հայտնի Հաթշեփսուտից ու Կլեոպատրայից շատ ավելի վաղ։



























