Ամերիկյան CNN, MS NOW հեռուստաալիքներն ու Politico պարբերականը նոր հայց են ներկայացրել Կոլումբիայի դաշնային դատարան՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելել իրենց լրագրողներին զրկել Սպիտակ տան մուտքի իրավունքից։

Ըստ դատական փաստաթղթի՝ լրատվամիջոցները խնդրում են դատարանին երկարաձգել ժամանակավոր որոշումը, որը սեպտեմբերի 24-ին 14 օրով կայացրել էր դատավոր Թիմ Քելին։ Հայցվորները Վաշինգտոնի վարչակազմի սահմանած արգելքն անվանել են «ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ երաշխավորված հիմնարար ազատությունների դեմ անօրինական ոտնձգություն»։

CNN-ի, MS NOW-ի և Politico-ի ներկայացուցիչների համոզմամբ՝ լրագրողների մուտքն արգելելու բուն նպատակը Թրամփին «անհաճո» լրագրողներին պատժելն ու ահաբեկելն է, ինչպես նաև նախագահի ու նրա վարչակազմի քննադատական լուսաբանումը լռեցնելը։ Նրանք վստահ են, որ որոշման ժամկետը լրանալուն պես վարչակազմն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնի արգելքը։

Սպիտակ տունը նոր հայցին կարող է պատասխանել մինչև ուրբաթ։ Դատավոր Քելին հայտարարել է, որ գործով նոր լսումներ կնշանակի և որոշում կկայացնի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, թե CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին զրկում է Սպիտակ տան մուտքից՝ իր վարչակազմի մասին կեղծ լուրեր տարածելու պատճառով։ Նա հավելել էր, որ անհարմար լրատվամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել, թեև չէր բացառել նաև որոշումը չեղարկելու հնարավորությունը։ Հիշյալ լրատվամիջոցների թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը սեպտեմբերի 19-ին զրկվել էին նախագահական նստավայրի մուտքի հնարավորությունից։

Ավելի ուշ Կոլումբիայի նահանգային դատարանը չեղարկել էր Թրամփի որոշումը, սակայն Պետության առաջին դեմքի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայությունը միևնույն է թույլ չէր տվել լրագրողներին մտնել Սպիտակ տուն։ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել էր բացել դռները միայն երկրորդ անգամ դատարան դիմելուց հետո։