Մենք դեռ մայիսից սկսած մեկնարկեցինք մեր շրջիկ ցուցահանդեսների շարքը, հենց Չինաստանի Շանսի քաղաքից, այնուհետև ևս երկու քաղաքում կբացվեն ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքի պատմությունը տարբեր ժամանակներում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաք և պատմություն միջազգային գիտաժողովին։
«Քաղաքային, պատմագիտական, հնագիտական, աղբյուրագիտական, այլ բազում այլ շերտերը հնարավորություն են տալիս առաջատար և երիտասարդ գիտնականների իրենց ուսումնասիրությունների արդյունքները զետեղել մեկ տարեգրքում, որը կհրատարակվի ավելի ուշ։
Գիտաժողովը ներկայացնում է հիմնականում քաղաքային ժառանգության նորովի ուսումնասիրման բացահայտման այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, վերջերս Սիլիկյան թաղամասում հայտնաբերված հնագիտական շերտերը։ Հնագետ Հակոբ Սիմոնյանը կներկայացնի գիտաժողովի ընթացքում Սիլիկյան թաղամասի նոր պեղումները, այնուհետև ունենք նաև զեկուցում Կոնդի պեղումների վերաբերյալ։ Արդեն հաջորդ սեսիաներում Կարեն Բալյանը կներկայացնի թամանյանական նարատիվները քաղաքում, դրան կհաջորդեն պատմագիտության, պատմական, ազգագրական, հրատարակչական, բանասիրական գործունեության, արխիվագիտական, թանգարանագիտական զեկուցումները» Շուրջ 80 զեկույց կլինի 3 օրերի ընթացքում։ Մեկնարկը կլինի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահական դահլիճում՝ հոկտեմբերի 1–ին, ժամը 9:30։
Հաջորդ օրը սեսիան կանցկացվի Կարեն Դեմիրճյանի թանգարանում։ Այստեղ հիմնականում շեշտը դրված է պատմական հիշողության տարբեր փուլերի, մետրոպոլիտենի քանդակների վերաբերյալ, և երրորդ օրը Երևանի պատմության թանգարանում արդեն թանգարանագիտական, արխիվագիտական, մշակութաբանական որոշ զեկուցումներ կլինեն, որոնք նոր լույս կսփռեն մեր մայրաքաղաքի պատմության համար»,–ասաց նա։





























