ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն։

«Flydubai-ի հնդիկ օդաչու Սմիթ Մաչչհարը արժանի է խորին երախտագիտության, քանի որ վտանգավոր ահաբեկչական գործողության և հնարավոր աղետի առջև նա ցուցաբերել է իսկական արիություն և պատասխանատվություն»,- գրել է Գարգաշը X-ում։ ԱՄԷ նախագահի խորհրդականը կոչ է արել պահպանել զգոնությունը՝ կապված ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքների հետ, ինչպես նաև նախազգուշացրել է «պարզեցնել տեղի ունեցածը» և դավադրության տեսություններ տարածել պետք չէ։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի չվերթը անվտանգության ոլորտում միջադեպի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Հոկտեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հաստատել է, որ պատճառը երկրորդ օդաչուի հարձակումն էր օդանավի հրամանատարի վրա, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Գերատեսչությունում ճշտել են, որ առողջական վիճակի բարելավումից հետո երկու օդաչուներն էլ էմիրաթական ուժայինների ուղեկցությամբ մեկնել են Աբու Դաբի, իսկ անձնակազմի մնացած վեց անդամները ավելի վաղ բարեհաջող վերադարձել են Դուբայ։ ԱՄԷ իշխանությունները շարունակում են տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների քննությունը, այդ թվում՝ շահագործման ասպեկտների և անվտանգության միջոցների ստուգումը։