Հունական և թուրքական պատվիրակությունները ուրբաթ կհանդիպեն Կրետե կղզում՝ վստահության ամրապնդման շուրջ բանակցությունների նոր փուլի համար, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով Հունաստանի պաշտպանության նախարարությանը։
Բանակցությունները կանցկացվեն կղզու արևմտյան Խանիա քաղաքում։ Հունական պատվիրակությունը կգլխավորի դեսպան Թեոխարիս Լալակոսը, թուրքականը՝ փոխարտգործնախարար և Եվրամիության հարցերով տնօրեն Մեհմեթ Քեմալ Բոզայը։
Բանակցություններին կմասնակցեն նաև երկու երկրների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հունաստանի և Թուրքիայի միջև նման հանդիպումներ արդեն անցկացվել էին անցյալ տարի՝ Սալոնիկում և Իզմիրում։ Վստահության միջոցների շուրջ բանակցությունները երկու երկրների միջև երկխոսության ուղղություններից մեկն են, որոնք երկար տարիներ շարունակում են մրցակիցներ մնալ մի շարք հարցերում, ներառյալ Էգեյան ծովում տարածքային վեճերը։





























