«Գիտեք՝ ի՞նչն է ինձ զարմացնում: Էլ ուրիշ մեկը էս երկրում չի՞ շարժվում, քաղաքից քաղաք չի գնո՞ւմ: Առավոտվանից ամբողջ լրատվությունը՝ մայրաքաղաքային, սեւեռված է էդ փաստի վրա: Երեւանում էդքա՞ն պարապ են, հա՞: Չեն հետաքրքրվում ուրիշ երեւույթներով, քաղաքապետով են հետաքրքրվում»,- NEWS.am-ի թղթակցին նման պատասխան տվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը՝ ձեռքի հետ էլ, համարյա իր ղեկավարի ոճով, մեզ մեղադրելով ինչ-որ մեկի պատվերը կատարելու մեջ:

Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարից NEWS.am-ը փորձում էր ճշտել նախօրեին՝ դեկտեմբերի 14-ին Վարդան Ղուկասյանի՝ մեծ շքախմբով Վերահսկիչ պալատ այցելելու փաստը, առավել եւս, որ մամուլում հրապարակումներ եղան, թե ՎՊ-ն խոշոր չարաշահումներ է հայտնաբերել է Գյումրիի քաղաքապետարանում:

«Քաղաքապետը եղել է խորհրդակցության, եւ ոչ ավելին: Իսկ ինչ մնում է մնացած հրապարակումներին եւ փողոցային ասեկոսանքներին, խնդրում եմ բառացի գրեք, ինչ որ ասում եմ, ապա դա մնում է փողոցային ասեկոսանք: Ես չեմ էլ ուզում պատասխանել»,- բառացի, ու հայերեն բառերն աղավաղելով, հայտարարեց Լիլիթ Աղեկյանը: