Մեխիկոյի առանձին շրջաններում հողը տարեկան իջնում է մոտ 21,7 սանտիմետրով, մինչդեռ Ինդոնեզիայի Մեդանում և Բանդունգում, ինչպես նաև Իրանի Սպահանում գրանցվել են ամբողջ քաղաքի մասշտաբով հողի նստման ամենաբարձր ցուցանիշներից մի քանիսը։ Նման եզրակացությանն են հանգել հետազոտողները, որոնք վերլուծել են աշխարհի 107 երկրի 465 քաղաքներում երկրի մակերևույթի շարժի վերաբերյալ արբանյակային տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cities հանդեսում։

Շենլի Տաոն, Սե Հուն և նրանց գործընկերներն ուսումնասիրել են 2014-ից 2023 թվականների արբանյակային դիտարկումների տվյալները։ Նրանք գնահատել են, թե որքան արագ է երկրի մակերևույթը իջնում կամ բարձրանում տարբեր քաղաքներում, որպեսզի համեմատեն հողի նստման մասշտաբները և բացահայտեն այն տարածքները, որտեղ ռիսկերը կարող են աճել։

Հողի նստումը մակերևույթի աստիճանական իջեցում է, որը կարող է վնասել շենքերն ու հիմքերը, խաթարել ջրահեռացման և կոյուղու համակարգերի աշխատանքը և բարձրացնել ջրհեղեղների վտանգը։ Միևնույն ժամանակ, այս երևույթի գլոբալ գնահատականները մինչ այժմ դժվար է եղել համեմատել․ նախորդ հետազոտություններն ընդգրկել են տարբեր ժամանակահատվածներ, կիրառել են տարբեր մեթոդներ կամ դիտարկել են միայն սահմանափակ թվով քաղաքներ։

Հողի նստման ամենաբարձր տեղային տեմպերը հետազոտողները հայտնաբերել են Մեխիկոյում։ Առանձին շրջաններում մակերևույթը տարեկան իջնում է մոտ 217 միլիմետրով։ Սակայն քաղաքի միջնային ցուցանիշը կազմում է տարեկան մոտ 8 միլիմետր։ Այս տարբերությունը ցույց է տալիս, թե որքան ուժեղ կարող են հողի նստման տեմպերը տատանվել նույնիսկ մեկ մեգապոլիսի սահմաններում։ Մեքսիկայի մի այլ քաղաքում՝ Տորեոնում, հողը տարեկան իջնում է մոտ 17 միլիմետրով։

Ասիայում քաղաքի մասշտաբով հողի նստման ամենաբարձր միջնային ցուցանիշները գրանցվել են Մեդանում՝ տարեկան մոտ 33 միլիմետր, Ինդոնեզիայի Բանդունգում՝ 22 միլիմետր, և Իրանի Սպահանում՝ տարեկան 11 միլիմետր։

Միևնույն ժամանակ, Բոստոնում, Նյու Յորքում, Լոնդոնում, Պեկինում, Տոկիոյում, Սեուլում, Սիդնեյում, Մոնտեվիդեոյում և Նեապոլում երկրի մակերևույթի շարժը ընդհանուր առմամբ մնացել է համեմատաբար կայուն։ Այս քաղաքներում հողի նստման կամ բարձրացման գնահատված ցուցանիշները կազմել են տարեկան 0,1-ից 1,9 միլիմետր։ Հեղինակներն ընդգծում են, որ նման փոքր փոփոխությունները պետք է մեկնաբանել զգուշությամբ։

Հետազոտությունն ունի նաև այլ սահմանափակումներ։ Այն ընդգրկել է ինը տարի և կենտրոնացել է խոշոր քաղաքներում հարաբերական տեղային հողի նստման վրա։ Վարչական սահմաններից դուրս որոշ տարածքներ կարող էին չներառվել վերլուծության մեջ, իսկ այն շրջաններում, որտեղ ցամաքային չափիչ կայանների քանակն անբավարար է, գնահատականների անորոշությունն ավելի բարձր է։

Հեղինակների կարծիքով, հետագա մոնիթորինգը հնարավորություն կտա պարզելու, թե արդյոք պահպանվում են հայտնաբերված միտումները, և իշխանություններին կօգնի ավելի ճշգրիտ որոշելու այն շրջանները, որտեղ անհրաժեշտ են ինժեներական միջոցներ և քաղաքային ենթակառուցվածքի լրացուցիչ պաշտպանություն։