Հունաստանում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը Սպիտակ տան պահանջով հրաժարական է տվել իր աշխատանքում հնարավոր խախտումների քննության ֆոնին, հաղորդում է NBC News-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչակազմը դժգոհ էր դիվանագետի վարքագծի մասին հաղորդումներից։ Ինքը՝ Գիլֆոյլը, մերժել է մեղադրանքները և խոստացել պաշտպանել իր հեղինակությունը։
«ԱՄՆ-ի դեսպան աշխատելն ինձ համար կյանքի մեծագույն պատիվն էր»,- երեքշաբթի X սոցիալական ցանցում, հրաժարականի մասին հայտարարելով, գրել է Գիլֆոյլը։ Նա նաև մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված մեղադրանքները՝ դրանք կեղծ անվանելով։
Հրապարակումից քիչ առաջ Գիլֆոյլի մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զախարիան լրագրողներին հայտնել էր, որ վարչակազմը դիվանագետին խնդրել է հրաժարական տալ։ Ըստ նրա՝ Գիլֆոյլը թիմի արժեքավոր անդամ էր, և նրան հետագա հաջողություններ են մաղթում։
Մեկնաբանելով որոշումը՝ Թրամփը հայտարարել է, որ Գիլֆոյլը լավ էր աշխատում Հունաստանում, սակայն վարչակազմում դժգոհ են մնացել նրա մասին հրապարակումներից։ Նախագահի ասելով՝ ինքը նրա հետ անձամբ չի խոսել։
57-ամյա Գիլֆոյլը՝ Դոնալդ Թրամփ կրտսերի նախկին հարսնացուն և Թրամփի նախընտրական արշավների ընթացքում նրա աչքի ընկնող աջակիցներից մեկը, ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի ստուգման տակ է։ Ինչպես NBC News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը դեսպանի աշխատանքի մեջ ենթադրյալ խախտումների մասին նյութ էր հրապարակել։
Պարբերականը հայտնել է, որ Գիլֆոյլը, իբր, պատմել է հույն գործարարների հետ կապերի մասին, որոնք, նրա ասելով, վճարել են իր թանկարժեք ուղևորությունների համար։ Հրապարակումը հիմնված էր այդ խոսակցությունները լսած մարդկանց վկայությունների և աուդիոձայնագրության վրա։ NBC News-ը չի կարողացել ինքնուրույն հաստատել ներկայացված մեղադրանքները։
Բացի դրանից, ամերիկացի դոնոր Էրիկ Դեթերսը հայտարարել է, որ Գիլֆոյլը, իբր, 2025 թվականին դիվանագիտական պաշտոնում նրա թեկնածության հաստատման լսումներից կարճ ժամանակ առաջ իրեն խնդրել էր մարել American Express-ի նրա 100 հազար դոլար չափով վարկային քարտի պարտքը։ Փոխարենը, ինչպես պնդում է Դեթերսը, նա առաջարկել էր հասանելիություն վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Նա ենթադրյալ պայմանավորվածությունն անվանել է փողի փոխանակում քաղաքական ազդեցության դիմաց և պնդում է, որ պահանջված գումարը չի վճարել։
Գիլֆոյլի ներկայացուցիչները ժխտել են մեղադրանքները։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ Դեթերսը իրեն պարտք է եղել ելույթների համար, ինչը վերջինս հերքում է։ Նրանք նաև նշել են, որ ուղևորությունների ժամանակ Գիլֆոյլը պահպանել է Պետդեպարտամենտի հանձնարարականներն ու գերատեսչության սահմանած կանոնները։
Կոլումբիայի օկրուգի ԱՄՆ դատախազ Ջանին Փիրոն, պատասխանելով հնարավոր առանձին քննության մասին հարցին, ասել է, որ իշխանությունները, հավանաբար, կսպասեն Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի ստուգման արդյունքներին։
NBC News-ի աղբյուրի տվյալներով՝ առաջին հրապարակումներից հետո Գիլֆոյլը փորձել է պահպանել պաշտոնը և մինչև երկուշաբթի դիմել է դաշնակիցների աջակցությանը։ Աղբյուրը նաև հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցների մտահոգության մասին, որ քննությունը կարող է բացահայտել նախկինում անհայտ տեղեկություններ, որոնք ունակ են նախագահին և նրա վարչակազմին անհարմար դրության մեջ դնելու։
Ավելի վաղ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ էր արել եզրակացություններ չանելու մինչև փաստերի հաստատումը, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աթենք կատարած այցի ժամանակ լրագրողներին քննադատել էր մեղադրանքների մասին հարցերի համար։ Ռուբիոն ընդգծել էր, որ չգիտի՝ հրապարակված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ։




























