Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգը, ելույթ ունենալով Ադրբեջանում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ/CICA) գագաթնաժողովում, կոչ է արել ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ու տնտեսական կապերն ասիական երկրների հետ, հայտնում է The Times of Israel-ը։

Նա նշել է, որ Իսրայելը ձգտում է խորացնել համագործակցությունն ու ընդլայնել խաղաղ հարաբերությունների աշխարհագրությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Խաղաղությունն անհամատեղելի է ահաբեկչության հետ, իսկ համագործակցությունը չի կարող զարգանալ բոյկոտների միջավայրում»։

Հերցոգը հորդորել է հարաբերությունները կառուցել փոխադարձ շահերի հիման վրա՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով Աբրահամի համաձայնագրերը, որոնցով կարգավորվեցին Իսրայելի և մի շարք արաբական պետությունների հարաբերությունները։ Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերն ակնառու ցույց են տալիս, թե ինչպես է ընդհանուր շահերի գիտակցումն ունակ փոխելու քաղաքական իրականությունը։

Իսրայելի ղեկավարը նաև պատրաստակամություն է հայտնել ասիական գործընկերներին փոխանցել երկրի առաջատար փորձն ու տեխնոլոգիաները գիտության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահության և արհեստական բանականության ոլորտներում։ «Մենք մեզ լիարժեքորեն համարում ենք ասիական մայրցամաքի մաս և ցանկանում ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ դրա զարգացման գործում»,- հայտարարել է նա։

Հատկանշական է, որ Հերցոգի ելույթի մեկնարկին զուգահեռ դահլիճը ցուցադրաբար լքել են Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Պաղեստինյան ինքնավարության և Քուվեյթի պատվիրակությունները, մինչդեռ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին մնացել է իր տեղում։

Գագաթնաժողովի շրջանակում Իսրայելի նախագահը հանդիպում է ունեցել նաև Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգը՝ առանձնահատուկ շեշտադրում անելով տնտեսական, առևտրային և մշակութային կապերի վրա։ Դրանից մեկ օր առաջ Հերցոգը բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայանիի հետ։