Հինգշաբթի օրվա կեսգիշերից Գերմանիայի բոլոր երկաթուղային կայարաններում, ներառյալ՝ հարթակներում, արգելվում է ոգելից խմիչքի օգտագործումը, հայտնում է DW-ն։
Նոր կանոնները տարածվում են երկրի ամբողջ տարածքում գտնվող մոտ 5700 կայարանների վրա։
Սահմանափակումները չեն վերաբերում կայարանների տարածքում գտնվող բարերին, ռեստորաններին և հանրային սննդի այլ կետերին. դրանք շարունակում են ոգելից խմիչք վաճառել։ Չի սահմանվում նաև ոգելից խմիչքների ամբողջական արգելք գնացքներում․ մասնավորապես, հեռավոր երթուղիների գնացքների ուղևորները կկարողանան գնել գարեջուր և այլ ալկոհոլային խմիչքներ վագոն-ռեստորաններում։
Երկաթուղիների օպերատոր Deutsche Bahn-ը նորամուծությունը բացատրել է կայարաններն ավելի անվտանգ, մաքուր և հարմարավետ դարձնելու ձգտումով այն ուղևորների համար, որոնք ստիպված են սպասել գնացքին, դրանց թվում՝ ուշացող գնացքին։
Կայարաններում ոգելից խմիչք օգտագործելու հարցը Գերմանիայում երկար տարիներ քննարկվել է տարբեր խախտումների և միջադեպերի պատճառով։ Սակայն այս տարի խնդրի նկատմամբ ուշադրությունն ուժեղացրել են բռնության երկու դեպքեր։ Դրանցից մեկում հարբած ուղևորը ծեծի է ենթարկել և ոտքերով հարվածել Deutsche Bahn-ի անվտանգության ծառայության 26-ամյա աշխատակցին, երբ վերջինս փորձել է ստուգել նրա տոմսը։ Քաշքշուկի ընթացքում գնացքի դուռը դեֆորմացվել և բացվել է, ինչից հետո աշխատակիցն ընկել է վագոնից և ծանր վնասվածքներ ստացել։ Ավելի վաղ այս տարի վավեր տոմս չունեցող տղամարդու հարձակման հետևանքով զոհվել էր ուղեկցորդը։
Արգելքը ներառվել է Deutsche Bahn-ի ներքին կանոններում, ոչ թե քրեական օրենսդրության մեջ։ Ուստի առաջին փուլում դրա պահպանմանը պետք է հետևեն երկաթուղային պահպանության աշխատակիցները, ոչ թե ոստիկանությունը։
Deutsche Bahn-ի ներկայացուցիչ Անյա Բրյոդերը ճշտել է, որ արգելքն ուժի մեջ է ամեն օր, այդ թվում՝ խոշոր միջոցառումների օրերին։ Դա վերաբերում է նաև Բունդեսլիգայի ֆուտբոլային խաղերի օրերին, երբ երկրպագուները հաճախ ալկոհոլ են օգտագործում մարզադաշտեր գնալու և վերադառնալու ճանապարհին։
Համազգային սահմանափակումների ներդրումից առաջ նախագիծը որոշ ժամանակ փորձարկել էին մոտ 40 կայարաններում, ներառյալ՝ Քյոլնում, Մյունխենում, Համբուրգում և Բեռլինում։ Deutsche Bahn-ում հայտարարել են, որ փորձի արդյունքները դրական են եղել. կայարաններում ավելի հանգիստ և մաքուր է դարձել, իսկ ուղևորներն ու աշխատակիցները դրական են գնահատել փոխված մթնոլորտը։
Միևնույն ժամանակ նախաձեռնությունը քննադատել է անօթևաններին օգնող դաշնային կազմակերպությունը։ Նրա կարծիքով՝ ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց համար կայարանները հաճախ դառնում են կարևոր, անբարենպաստ եղանակից պաշտպանված և համեմատաբար անվտանգ վայրեր, որտեղ կարելի է պատսպարվել։ Կազմակերպության ներկայացուցիչը Rheinische Post պարբերականին ասել է, որ եթե նման մարդկանց սկսեն դուրս մղել կայարաններից, սոցիալական աշխատողների համար ավելի դժվար կլինի գտնել նրանց և օգնություն ցուցաբերել։





























