Սիրիայի իշխանությունները հայտարարել են Միհրաջ Ուրալ անունով հայտնի Ալի Քայալիի ձերբակալության մասին։ Նա «կիսառազմական խմբավորման» առաջնորդն է, որը աջակցում էր տապալված նախագահ Բաշար Ասադին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2013 թվականին գրեթե 250 խաղաղ բնակչի զանգվածային սպանությունը կազմակերպելու համար։
Հատուկ ծառայությունների աշխատակիցները Քայալիին ձերբակալել են սահմանը հատելու և Սիրիայից հեռանալու փորձի ժամանակ, հայտնում է SANA գործակալությունը։ Թե կոնկրետ որ երկիր էր նա փորձում հասնել, չի նշվում։
Քայալին ծնվել է Թուրքիայում, որտեղից 1982 թվականին փախել է բանտից, ապա տեղափոխվել Սիրիա։ Այնտեղ նա, ըստ տեղեկությունների, Ասադի կառավարությանն աջակցող կիսառազմական խմբավորում է հիմնել։
2024 թվականին Ասադի տապալումից հետո Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են ուժային կառույցների տասնյակ նախկին աշխատակիցների։ Նրանց նկատմամբ դատավարությունները սկսվել են ապրիլին։




























