Գերմանական Էսեն քաղաքի ոստիկանությունը շարունակում է որոնել 34-ամյա բանտարկյալին և երկու տղամարդկանց, որոնք օգնել են նրան փախչել բժշկին այցելության ժամանակ, հաղորդում է DW-ն։

Փախուստը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին։

Ոստիկանները զննել են քաղաքի կենտրոնի մի քանի շրջաններ։ Որոնողական գործողությանը ներգրավել են ծառայողական շներ, որոնք փորձել են բռնել փախստականների հետքը։

Քննության վարկածով՝ երկու տղամարդիկ հարձակվել են բանտարկյալին բուժզննության ուղեկցող պահակների վրա և կապել նրանց։ Դրանից հետո երեքն էլ հեռացել են դեպքի վայրից, ընդ որում, ենթադրվում է, որ տարբեր ուղղություններով։

Ոստիկանությունը զգուշացրել է, որ չի բացառում փախստականների մոտ զենքի առկայությունը, և կոչ է արել հաշվի առնել դրա հավանականությունը։

34-ամյա տղամարդը պատիժ էր կրում Էսենի բանտում՝ թմրանյութերի և մարդկանց վրա հարձակմանն առնչվող հանցագործությունների համար։ Նրա և ենթադրյալ հանցակիցների որոնումները շարունակվում են։