Ընդերքի օգտագործման ոլորտում նոր օրենսդրության ընդունումը՝ առանց դրա կիրառման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի փոփոխության, չի գործելու։ Այս մասին հայտնել է Haller Lomax-ի գործընկեր Թիմուր Օդիլովը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։ Օդիլովը պատմել է Ղազախստանում ընդերքի մասին օրենսդրության բարեփոխման փորձի և այն դասերի մասին, որոնք այդ փորձից պետք է քաղի Հայաստանը։
Օդիլովի խոսքով՝ Ղազախստանի գլխավոր սխալը կամ բացթողումը ընդերքի մասին օրենսգրքի ընդունման ժամանակ այն էր, որ պետական երկրաբանության գործառույթը թողել էին անփոփոխ՝ պահպանելով նախկին մտածողությունը, պատկերացումները և ըմբռնումը, թե ինչպես պետք է ամեն ինչ աշխատի։ Ղազախստանի նախագահը որոշում է ընդունել նոր ազգային երկրաբանական ծառայություն գործարկել միայն բարեփոխումից չորս տարի անց։ Իրավաբանի խոսքով՝ միայն դրանից հետո իրավիճակը սկսեց փոխվել։ «Անհնար է ընդունել խաղի նոր կանոններ՝ առանց պետական կառավարման ինստիտուտները փոխելու։ Սա առանցքային պահ է։ Եվ սա ամենամեծ բացթողումն է, որը չորս-հինգ տարով դանդաղեցրեց մեր բարեփոխման իրականացումը։ Հենց որ մեխանիզմը գործարկվեց, մեզ մոտ երկրաբանական հետախուզության ոլորտում մեծ բում սկսվեց», - ասել է Օդիլովը։
Օդիլովը նշել է, որ պետական երկրաբանական ծառայության գլխավոր խնդիրը, որը տարբեր երկրներում կոչվում է State Geological Survey կամ National Geological Survey, պետական վերահսկողությունը չէ, ոչ էլ կարգավորումը, և ոչ էլ պետական օպերատորի դերակատարումը, որը պետության փոխարեն զբաղվում է երկրաբանական հետախուզությամբ։ Նման ծառայության հիմնական գործառույթը երկրաբանական տվյալների հետ աշխատանքն է նախնական, մինչմրցակցային փուլում։ Սա անհրաժեշտ է մասնավոր բիզնեսի, այդ թվում՝ փոքր երկրաբանական հետախուզական ընկերությունների՝ junior-ընկերությունների, երկրաբանական ծախսերը նվազեցնելու համար։ Նրանց համար պետք է ավելի հեշտ լինի ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պետք է պահվի թվային տվյալների բազայում։ Սա ընկերություններին հնարավորություն կտա գումարները ծախսել անմիջապես այն երկրում աշխատանքի վրա, որտեղ նրանք գործունեություն են ծավալում։
Օդիլովն ասել է, որ լսել է Հայաստանի՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) և Եվրոպական միության հետ համատեղ ազգային երկրաբանական ծառայություն ստեղծելու ծրագրերի մասին։ Սակայն նա նախազգուշացրել է ռիսկերի մասին, եթե նոր կառույցը ստեղծվի որպես օպերատոր, որն ինքնուրույն զբաղվում է երկրաբանական հետախուզությամբ։ «Եթե այն գործարկեք որպես երկրաբանական հետախուզության օպերատոր, կարող եք ստանալ այնպիսի ազդեցություն, որը մենք, ըստ էության, վերապրել ենք մի քանի տարի առաջ։ Այդպիսի ծառայության մոտ կառաջանա շահագրգռվածություն անվերջ գումարներ ծախսելու՝ առանց արդյունքի։ Սա ամենամեծ թակարդն է», — հայտնել է իրավաբանը։
Նրա խոսքով՝ այս թակարդում հայտնվել են ԱՊՀ գրեթե բոլոր երկրները՝ «Ռոսգեոլոգիայից» մինչև ղազախական երկրաբանական ծառայություն։ Օդիլովն ընդգծել է, որ իրավիճակը սկսել է փոխվել միայն ազգային երկրաբանական ծառայության ստեղծումից հետո, որի հիմնական խնդիրը երկրաբանական տվյալների թվայնացումն է, դրանց տրամադրումը ներդրողներին և թարմացումը։ Խոսքը երկրաբանական ֆոնդերի, քարտեզների և թարմացված ատլասների մասին է։ Նման ծառայության ևս մեկ գործառույթ նա անվանել է պաշարների գնահատման և սերտիֆիկացման ժամանակ օգտակար հանածոների պետական հանձնաժողովի համակարգից CRIRSCO համակարգին անցման ղեկավարումը։
Օդիլովի խոսքով՝ պետական երկրաբանական ծառայությունը և կարգավորող մարմինը պետք է տարբեր գործառույթներ իրականացնեն։ Ինչպես նա նշել է, այդ մասին վկայում են նաև ՏՀԶԿ և Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցները։ «Պետական գործառույթն այս դեպքում արդեն որպես կարգավորող մարմին՝ մի փոքր այլ դեպարտամենտ կամ վարչություն է։ Սա երկրաբանական ծառայությունը չէ։ Դրա հիմնական գործառույթը իրավունքների տրամադրումը, լիցենզավորումն ու վերահսկողությունն է», - ասել է նա։ Խոսելով Ղազախստանի փորձի մասին՝ Օդիլովն ընդգծել է, որ պետությունը չպետք է քայլ առ քայլ վերահսկի կոնկրետ աշխատանքները և դրանց ֆիզիկական ծավալները՝ քանի գծամետր է հորատել ընկերությունը կամ ինչ ծավալի հումք է արդյունահանել։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է պահանջի ներդրումներ, իսկ վերահսկողության լավագույն համընդհանուր չափանիշը փողն է։
Օդիլովը պարզաբանել է, որ Ղազախստանում, ինչպես նաև Ավստրալիայում և Կանադայում, նախատեսված է աշխատանքների կոնկրետ ցանկ, որոնց պետք է վերաբերեն համապատասխան ծախսերը։ Սրանք, մասնավորապես, անցումային, հորատապայթեցման և այլ աշխատանքներն են։ «Մենք ասում ենք, որ դու այս տարի պետք է նվազագույնը ծախսես, չգիտեմ, ասենք, հինգ միլիոն դոլար։ Եվ պետությունը վերահսկում է միայն այդ հարցը և վերջ։ Այն չի միջամտում տեխնիկական հարցին, թե որքան արդյունավետ ես վարում [աշխատանքները]», — հայտարարել է նա։
Օդիլովի կարծիքով՝ պետության միջամտությունը մասնավոր երկրաբանական հետախուզության կամ արդյունահանման արդյունավետության գնահատմանը բացառապես խորհրդային ժամանակներից եկող մոտեցում է։ «Ես չեմ ասում, որ խորհրդային ժամանակներում վատ էր։ Ոչ, խնդիրը ուրիշ է։ Խորհրդային ժամանակներում ամեն ինչ պատկանում էր պետությանը, և պետությունը կառավարում էր «ձեռքի» ռեժիմով», - պարզաբանել է նա։
Այն բանից հետո, երբ Ղազախստանում հասկացան, թե ինչպես է կառուցված այս համակարգը, վերահսկողությունը տեղափոխվեց դրամական հոսքերի վրա։ Օդիլովի խոսքով՝ կարգավորողի խնդիրը ներդրումները ստուգելն է, ոչ թե աշխատանքի կոնկրետ ծավալը վերահսկելը, քանի որ նման վերահսկողությունն անիմաստ է։
«Ոչ մի սեփականատեր, ինչպես ասում են, ինքն իրեն ոտքին չի կրակի, անարդյունավետ չի լինի։ Եվ նրան ստուգելու իմաստ չկա։ Պետությունն այս իմաստով պարզապես ժամանակ և փող է ծախսում պետական ապարատի վրա՝ ստուգելով անպետք բաներ», - ասել է իրավաբանը՝ դա անվանելով Ղազախստանի քաղած առանցքային դասերից մեկը։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։





























