Հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com—ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են նշված շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակը, իսկ այնտեղ գտնվող ծխահարված տղամարդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ և տուժածի ինքնությունները։