Հայաստանը ներուժ ունի երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու, նոր հանքավայրեր ուսումնասիրելու և դրանց հետագա շահագործումն իրականացնելու համար։ Սակայն ներդրողներ ներգրավելու նպատակով անհրաժեշտ է բարձրացնել երկրաբանական տվյալների հավաստիությունը։ Դրա մասին հայտարարել է Lydian Armenia-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։

Նրաասելով՝ Հայաստանի պետական ֆոնդում առկա նյութերի հիմնական մասը խորհրդային շրջանի հաշվետվություններ են։ Դրանց թվայնացումը, նրա գնահատմամբ, դրական քայլ է, սակայն խնդիրը սկզբնական տվյալների ճշգրտության մեջ է։ Այդ ժամանակ տեխնոլոգիաները բավարար չափով զարգացած չէին, որպեսզի ապահովեին հետազոտությունների նույն ճշգրտությունը, ինչ ժամանակակից մեթոդները։ Որպես օրինակ՝ Ալոյանը բերեց հորատման ժամանակ միջուկի ելքը։ Ըստ նրա՝ նախկինում այս ցուցանիշը կարող էր կազմել 50–60%՝ հորատման սարքավորումների սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Այսօր միջուկի ելքը հասնում է 92–95%-ի, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի ճշգրիտ տվյալներ։

Ներդրողի համար դա սկզբունքային նշանակություն ունի։ Նա պետք է ուսումնասիրի առկա տեղեկությունները, մշակի այն և ստացված արդյունքների հիման վրա որոշի՝ արժե՞ արդյոք շարունակել աշխատանքը նախագծի վրա, ներդնել միջոցներ և զարգացնել հանքավայրը։ Ալոյանը ևս մեկ խնդիր է համարել երկրաբանական տվյալների պակասը։ 1990-ականներին Հայաստանի երկրաբանական հետախուզության ոլորտը անկում է ապրել և միայն հիմա է սկսում վերականգնվել։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ամուլսարի նախագծի հաջողությունից հետո միջին չափի ընկերությունները կհետաքրքրվեն Հայաստանում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու և հանքավայրեր մշակելու հարցով։

Ներդրողների՝ Հայաստանում աշխատել կամ չաշխատելու որոշման վրա ազդող ևս երկու կարևոր գործոններն են օրենսդրության կայունությունն ու ժամանակը։ Նույնիսկ եթե երկրում առկա են անհրաժեշտ օրենքներն ու ոլորտի զարգացման ռազմավարությունը, ներդրողի համար կարևոր է հասկանալ գործողությունների կոնկրետ կարգն ու իրեն հետաքրքրող տեղամասի հավաստագիր ստանալու ժամկետները։ Նա պետք է իմանա, թե երբ կարող է ստանալ թույլտվություն, սկսել երկրաբանական հետախուզական աշխատանքները, ավարտել դրանք և անցնել հանքավայրի շահագործմանը։

Ըստ Ալոյանի՝ հենց այս հատվածում է, որ Հայաստանում դեռևս բաց կա։ Ներդրողը կարող է ակնկալել հավաստագիր ստանալ հայտը ներկայացնելուց վեց-յոթ ամիս անց, սակայն տարբեր պատճառներով, դրանց թվում՝ օրենսդրության սխալ մեկնաբանության հետևանքով, ընթացակարգը երբեմն ձգձգվում է մեկ-երկու տարով։ Արդյունքում ներդրողը կորցնում է հետաքրքրությունը նախագծի նկատմամբ, սկսում է հիասթափվել և այլ տարբերակներ որոնել։ Ալոյանը կարծում է, որ համակարգը պետք է կառուցել այնպես, որպեսզի ներդրողները նախապես իմանան ընթացակարգերի անցման հստակ ժամկետները, հասկանան, թե երբ իրենցից կպահանջվի ֆինանսական միջոցներ ներդնել և երբ կկարողանան սկսել գործունեությունը Հայաստանում։

Ալոյանն ընդգծել է նաև, որ հանքարդյունաբերությունն իր բնույթով երկարաժամկետ ոլորտ է։ Իր գործունեության 21 տարիների ընթացքում նա համագործակցել է ութ վարչապետների հետ, և նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հանքարդյունաբերության նկատմամբ իր մոտեցումները։ Ըստ նրա՝ մոտեցումների այդ փոփոխությունն օրենսդրական կայունության հարցը դարձնում է հատկապես կարևոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են ավելի քիչ կախված լինել պետության գործունեությունից և ներքաղաքական գործընթացներից։

Ներդրողը պետք է վստահ լինի, որ այսօր միջոցներ ներդնելով և հանքավայրը զարգացնելով՝ 20 տարի անց ևս նա կունենա դրա շահագործման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքները։ «Եվ, իհարկե, ամենակարևորը՝ որպեսզի նա կարողանա շահույթ ստանալ»,- եզրափակել է Ալոյանը։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։