Հռոմի Լևոն XIV պապը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնելու կրակը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում, որը բռնազավթված է ռուսական բանակի կողմից, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության առաքումը, հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Սրբազան Հայրը խոր մտահոգություն է հայտնել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կոչ արել դադարեցնելու կրակը, որպեսզի հնարավոր լինի հասցնել սննդամթերք և դեղորայք, ինչպես նաև ապահովել քաղաքացիական բնակչության կամավոր և անվտանգ տարհանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Վերջում Սրբազան Հայրը ևս մեկ անգամ վերահաստատել է Սուրբ Աթոռի հանձնառությունը՝ նպաստելու երկխոսությանը և խաղաղությանը»,- հավելել են Վատիկանում։ Զրույցի մասին հայտնել են նաև Կրեմլում։





























