Ըստ իշխանական շրջանակներում քննարկվող լուրերի, առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, եւ ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային եւ պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաեւ մի քանի մանր- մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այս պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























