Հռոմի պապ Լևոն XIV-ը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր վերջին օրերին աղոթել են իր համար՝ թոքի չարորակ հանգույցի հեռացման վիրահատությունից հետո։ Կիրակի օրը «Հրեշտակ Տեառն» աղոթքից հետո ելույթ ունենալով՝ պոնտիֆիկոսը հայտարարել է, որ զգացել է հավատացյալների աջակցությունը, հայտնում է Vatican News-ը։

«Ես իսկապես զգացել եմ ձեր աջակցությունը։ Շնորհակալություն», — ասել է նա։

Լևոն XIV-ը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բուժքույրերին և Հռոմի Ջեմելի կլինիկայի ողջ անձնակազմին, որտեղ նրան երեքշաբթի օրը վիրահատել էին։

«Այս փորձառությունը ինձ հնարավորություն տվեց հատկապես սուր զգալու մտերմությունը բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են հիվանդությամբ կամ տառապում են տարբեր ախտերից», — նշել է պոնտիֆիկոսը։

Շաբաթ օրը կեսօրից հետո Հռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից։ Առավոտյան արյան անալիզները և կրծքավանդակի ռենտգենը հաստատել են, որ նա կարող է շարունակել վերականգնումը ստացիոնարից դուրս։

Մեկնելուց առաջ Լևոն XIV-ը անձամբ շնորհակալություն է հայտնել վիրաբույժին, բժշկական և բուժքույրական թիմերին, կլինիկայի մյուս աշխատակիցներին, Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի ռեկտորին և հիվանդանոցի ղեկավարությանը։

Պոնտիֆիկոսը հայտնել է, որ այժմ աստիճանաբար կվերադառնա աշխատանքի։

«Այժմ, երբ այս ոչ հեշտ փուլը ետևում է, ես աստիճանաբար կվերսկսեմ իմ գործունեությունը՝ միշտ Աստծո օգնությամբ և ձեր աղոթքներով», — ասել է նա։

Վիրահատությունից առաջ Պապական տան պրեֆեկտուրան, որը պատասխանատու է պոնտիֆիկոսի հանրային միջոցառումների կազմակերպման համար, հայտարարել էր մինչև երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ը, նրա բոլոր ընդունելությունների չեղարկման մասին։