Հայաստանի խորհրդարանի պատգամավորների՝ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից ազատելու դիմումը՝ ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, իրավական հիմք չէ դատապարտյալին ազատ արձակելու համար: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով ԱԺ 21 պատգամավորների ստորագրած դիմումի փաստը: «Նախագահ Սարգսյանին հասցեագրված նման խնդրանքների բովանդակությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջին, երբ խնդրվում է առողջության բերումով Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից: Այս առնչությամբ մեկնաբանություն արդեն արվել է. առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալը կարող է ազատ արձակվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ»,- նշել է Ֆարմանյանն ու հավելել. «Երկրորդ խումբ խնդրանքները վերաբերում են ներում շնորհելու միջոցով Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից ազատ արձակելուն:

Դատապարտյալին նախագահի կողմից ներում շնորհելու խնդիրը կարգավորվում է Սահմանադրության 55-րդ հոդվածով եւ ՀՀ Նախագահի 2003 թ. նոյեմբերի 19-ի „Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին“ հրամանագրով, որտեղ հստակ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը դատապարտյալին ներում շնորհելու հարցը կարող է քննության առնել բացառապես դատապարտյալի կողմից` Հանրապետության նախագահին հասցեագրված ներման խնդրագրի հիման վրա: Սա է այն իրավական հիմքը, որով կարգավորվում է խնդիրը: Խորհրդարանի պատգամավորների դիմումները, ուզենք թե չուզենք, չեն կարող փոխարինել այդ իրավական հիմքին»:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով, եւ այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի: