Արհեստական բանականությունը կարող է մարդկությանը զրկել սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունից ոչ թե մեքենաների ապստամբության հետևանքով, այլ աստիճանաբար՝ պարզապես մարդկանց փոխարեն ավելի ու ավելի շատ առաջադրանքներ կատարելով։ Հետազոտողներն այդ սցենարը կոչում են «ինքնուրույնության աստիճանական կորուստ» և այն համարում ապագա քաղաքակրթության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Meta-ի, Google-ի և OpenAI-ի նոր ԱԲ օգնականներն արդեն խոստանում են կառավարել աշխատանքային գործընթացները, պլանավորել գործերը և օգտատերերին ազատել առօրյա միապաղաղությունից։ Սակայն մասնագետները զգուշացնում են․ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մարդիկ վտանգում են վերածվել պասիվ դիտորդների, որոնք պարզապես հաստատում են մեքենաների որոշումները։

Խոսքը միայն աշխատատեղերի կորստի մասին չէ։ Եթե ԱԲ-ն մարդուց լավ կատարի գրեթե բոլոր մտավոր և ֆիզիկական առաջադրանքները, մարդիկ կսկսեն կորցնել հմտությունները, գիտելիքները և քննադատաբար մտածելու ունակությունը։

«Սա ամբողջ քաղաքակրթության մասշտաբի խնդիր է»,- հայտարարել է ԱԲ-ի հիման վրա ռոբոտատեխնիկայի զարգացումը հետևող Robocurve ընկերության հիմնադիր Ջեյ Չույը։

Ինչպես մարդիկ կարող են կորցնել վերահսկողությունը

«Ինքնուրույնության աստիճանական կորուստ» եզրույթը հայտնվել է 2025 թվականի սկզբին հրապարակված գիտական աշխատությունում։ Դրա հեղինակները նկարագրում են մի աշխարհ, որտեղ ԱԲ-ն գրեթե ամեն ինչում գերազանցում է մարդկանց՝ գիտությունից, ծրագրավորումից և ստեղծագործությունից մինչև արտադրություն և ֆիզիկական աշխատանք։

Պատկերացնենք մուրճեր արտադրող մի ընկերություն։ Սկզբում ռոբոտները սկսում են դրանք ավելի արագ և էժան արտադրել, իսկ ԱԲ-ն ստանձնում է բիզնեսի կառավարումը։ Մրցակիցները ներդնում են նոր տեխնոլոգիաներ, և այն ընկերությունը, որը շարունակում է մարդկանց վարձել, կորցնում է հաճախորդներին։ Արդյունքում ղեկավարությունը ստիպված է լինում աշխատակիցներին փոխարինել մեքենաներով՝ բիզնեսը պահպանելու համար։

Եթե նման սցենարը կրկնվի բոլոր ճյուղերում, մարդիկ աստիճանաբար կկորցնեն իրենց տնտեսական դերը, իսկ դրա հետ միասին՝ գործնական հմտություններն ու ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Երբ համակարգը խափանվի, կարող է պարզվել, որ իրավիճակը շտկելու ընդունակ մարդիկ այլևս չկան։

«Եթե մարդիկ չեն վարժում այն հմտությունները, որոնք իրենց փոխարեն կատարում են ԱԲ գործակալները, նրանք կորցնում են դա ինքնուրույն անելու կարողությունը և դառնում են կախյալ»,- բացատրել է Hugging Face-ից ԱԲ հետազոտող Մարգարեթ Միտչելը։

Սպառնալիք ժողովրդավարությանը

Հետևանքները կարող են ազդել ոչ միայն տնտեսության, այլև պետական կառավարման վրա։ ԱԲ-ի զարգացմանը զուգընթաց ռազմական և քաղաքական որոշումները կարող են ավելի ու ավելի հաճախ փոխանցվել ավտոմատացված համակարգերին։

Մարդկանց ապավինող երկրները վտանգում են զիջել նրանց, ովքեր ավելի ակտիվ են օգտագործում ԱԲ-ն․ մեքենաները հանգստի կարիք չունեն և ունակ են վերլուծելու տվյալների հսկայական զանգվածներ։ Դա հետագա ավտոմատացման օգտին ճնշում կստեղծի։

Հետազոտության համահեղինակ Յան Կուլվեյտը զգուշացնում է․ եթե պետություններին քաղաքացիներն այլևս պետք չգան որպես աշխատողներ, հարկատուներ և զինծառայողներ, ապա իշխանությունների մոտ կարող է ավելի քիչ խթան մնալ՝ հաշվի առնելու նրանց շահերը։

Նա նման սցենարը համեմատում է որոշ նավթարդյունահանող պետությունների հետ, որոնք կարող են ավելի քիչ կախված լինել բնակչության հարկերից և, համապատասխանաբար, ավելի քիչ կարիք ունենալ նրա քաղաքական աջակցությանը։

«Շատերն ասում են, թե վերահսկողությունից դուրս եկած ԱԲ-ն կկոտրի տվյալների կենտրոնները և կգրավի աշխարհը։ Բայց շատ ավելի հազվադեպ է քննարկվում այն հնարավորությունը, որ ԱԲ-ն բառացիորեն իր վերահսկողության տակ կվերցնի աշխարհը՝ պարզապես շարունակելով անել այն, ինչի համար ստեղծվել է՝ ավտոմատացնել ամեն ինչ»,- նշել է Չույը։

Ինչպես խուսափել ԱԲ-ի կախվածությունից

Հետազոտողների կարծիքով՝ այդ սցենարը կանխելը հեշտ չի լինի․ ընկերությունները բախվում են ուժեղ տնտեսական ճնշման, որը նրանց ստիպում է աշխատակիցներին փոխարինել տեխնոլոգիաներով։ Հետևաբար միայն ԱԲ-ի զարգացմանը հետևելը բավարար չէ․ անհրաժեշտ է պահպանել մարդկանց մասնակցությունը առանցքային գործընթացներում։

Միտչելն առաջարկում է ամեն գնով չձգտել լիակատար ավտոմատացման, այլ դիտավորյալ թողնել այնպիսի փուլեր, որոնցում մարդը պետք է ստուգի արդյունքները և որոշումներ ընդունի։ Այդ մոտեցումը կօգնի պահպանել հմտությունները և թույլ չի տա մարդկանց կորցնել համակարգերի աշխատանքը վերահսկելու կարողությունը։

Կուլվեյտը կարծում է, որ ԱԲ-ն պետք է մշակվի ոչ միայն որպես մարդուն փոխարինող, այլև որպես համագործակցության գործիք․ համակարգը պետք է բացատրի իր որոշումները և օգնի մարդկանց սովորել, այլ ոչ թե պարզապես պատրաստի պատասխաններ տա։

«Պետք է սահմանել այն ոլորտները, որտեղ մենք կհամաձայնենք թույլ չտալ, որ մրցակցային ճնշումն ամբողջությամբ դուրս մղի մարդուն գործընթացից»,- ընդգծել է նա։

Փորձագետներն ընդունում են, որ մարդկային ինքնուրույնության աստիճանական կորուստը կարող է ավելի քիչ վախեցնող թվալ, քան կենսաբանական զենքի կամ մեքենաների ապստամբության սցենարները։ Բայց հենց դրա աստիճանականությունն է սպառնալիքը դարձնում աննկատելի․ մարդիկ կարող են կամավոր կերպով ԱԲ-ին ավելի ու ավելի շատ գործառույթներ փոխանցել, մինչև որ պարզեն, թե այլևս ի վիճակի չեն առանց դրա գործել։