62-ամյա Էնդրյու Լասթերը՝ Max Factor կոսմետիկ կայսրության հիմնադրի ծոռը, 23 տարվա ազատազրկումից հետո դուրս է եկել բանտից՝ կրելով իրեն նշանակված 50 տարվա պատժաժամկետի կեսից էլ պակասը։

Կալիֆոռնիայի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերի 11-ին Լասթերը տեղափոխվել է պայմանական վաղաժամկետ ազատման ծառայության հսկողության տակ։ 2003 թվականին նրան մեղավոր են ճանաչել 86 կետով՝ այն բանի համար, որ նա Վենտուրա շրջանի ափին գտնվող իր տանը թմրեցրել և բռնաբարել է երեք կնոջ։

Սկզբում Լասթերին դատապարտել էին 124 տարվա ազատազրկման, սակայն 2013 թվականին ժամկետը կրճատվել էր մինչև 50 տարի։ Ազատ արձակումը հնարավոր է դարձել Կալիֆոռնիայի օրենսդրության շնորհիվ, որը որոշ դատապարտյալների թույլ է տալիս կրճատել պատժաժամկետը լավ վարքի և բանտում աշխատանքի համար։ Նահանգի օրենքով անգիտակից վիճակում գտնվող անձի բռնաբարությունը դասակարգվում է որպես ոչ բռնի հանցագործություն։

Դատավարության ընթացքում Լասթերը փախել էր Մեքսիկա՝ վճարելով 1 միլիոն դոլարի գրավ։ Ավելի ուշ նրան ձերբակալել էր գլխագին որսորդ Դուեյն «Շուն» Չեփմենը։

Վենտուրա շրջանի դատախազության տվյալներով՝ 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2000 թվականի հուլիսը Լասթերը համալսարանական բարերում հետապնդում էր երիտասարդ կանանց և նրանց խմիչքի մեջ խառնում գամմա-հիդրօքսիբուտիրատ (GHB), որից հետո բռնաբարում էր նրանց։ Երկու դեպքում նա կատարվողը տեսաձայնագրել էր։

2024 թվականին Լասթերը փորձել էր հասնել վաղաժամկետ ազատման, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը և չեղարկել պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի որոշումը։

Տուժածներից մեկը՝ Տոնյա Բալդենը, ավելի վաղ Daily Mail-ին ասել էր, որ վախենում է՝ ազատության մեջ Լասթերը կարող է կրկին հանցագործություններ կատարել։

Վենտուրա շրջանի դատախազ Էրիկ Նասարենկոն նույնպես դեմ էր նրա ազատ արձակմանը՝ հայտարարելով, որ հանցագործությունների ծանրությունը պահանջում է պատժի ամբողջական կրել, իսկ Լասթերի ազատ արձակումը անարդարություն կլինի տուժածների նկատմամբ և սպառնալիք՝ հասարակական անվտանգությանը։

2025 թվականին, երբ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը կրկին քննվում էր, գործով ներգրավված դատախազ Էնթոնի Ուոլդը կոչ էր արել Լասթերին թողնել բանտում մինչև ժամկետի ավարտը։ Նրա հաշվարկներով դա կնշանակեր ազատ արձակում 2026 թվականին։