Էլեկտրամոբիլներ ներկրող «Էլդրայվ» (Eldrive) ընկերությունը պարզաբանում է ներկայացրել՝ հաճախորդների պատվիրած ավտոմեքենաների մատակարարման ուշացումների պատճառների և ստեղծված իրավիճակի կարգավորման քայլերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքացիները ահազանգել էին, որ «Էլդրայվ» ընկերությանը վճարել են էլեկտրամոբիլների արժեքի 10 տոկոսը, սակայն 2-3 ամիս սպասելուց հետո այդպես էլ չեն ստացել պատվիրած ավտոմեքենաները։ Քաղաքացիների խոսքով՝ ընկերությունն առաջարկել է վերադարձնել կանխավճարները, մինչդեռ որոշ գնորդներ մեքենաները ձեռք բերելու համար օգտվել են վարկային միջոցներից և շարունակում են տոկոսներ վճարել՝ առանց ավտոմեքենան ստանալու։

Ընկերության պարզաբանման համաձայն՝ հաճախորդների պահանջարկը բավարարելու նպատակով «Էլդրայվը» համագործակցել է նոր չինական մատակարարների հետ, որոնք, ընկերության պնդմամբ, չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Դրա հետևանքով ընկերությունը կրել է շուրջ 1 միլիոն դոլարի ֆինանսական վնաս, իսկ ավտոմեքենաների մատակարարումն ուշացել է։

«Էլդրայվից» ընդգծում են, որ անկախ մատակարարների գործողություններից՝ ամբողջությամբ պատասխանատվություն են ստանձնում հաճախորդների առջև, քանի որ պայմանագրերը կնքվել են անմիջապես ընկերության հետ։

Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով ընկերությունն առաջարկում է այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանում սպասել մինչև ընթացիկ ամսվա վերջ, ամբողջությամբ վերադարձնել կանխավճարները։ Ընկերության փոխանցմամբ՝ այդ ժամանակահատվածում նախատեսվում է ավտոմեքենաների հիմնական խմբաքանակի ժամանումը Վրաստան։

Բացի այդ, «Էլդրայվը» խոստանում է փոխհատուցել այն հաճախորդների լիզինգային վճարներն ու տույժերը, որոնք առաջացել են մինչև ավտոմեքենան ստանալը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան վճարումները հաստատող անդորրագրերը։

Միաժամանակ, ընկերությունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը միջոցներ է կիրառել «Էլդրայվ» և «Սոլարավտո» ընկերությունների նկատմամբ։ Ընկերության պնդմամբ՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ սպառողներին մոլորեցնելու ռիսկերի և տուգանքների վերաբերյալ հրապարակումները կեղծ են։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 22-ի որոշմամբ «Էլդրայվ» և «Սոլարավտո» ընկերություններից կազմված անձանց խմբի նկատմամբ կիրառել է ընդհանուր 123 միլիոն 498 հազար դրամի տուգանք՝ սպառողներին մոլորեցնելու ռիսկեր պարունակող գովազդային դրսևորումների համար։

Ընկերությունը հայտարարում է, որ գործում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ հաճախորդների իրավունքներն ու շահերը պաշտպանելու, ինչպես նաև ստեղծված իրավիճակը հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու համար։