Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայից հանդես եկող հայազգի Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի 2009 թ.-ի լավագույն բռնցքամարտիկ։ Մեր հայրենակիցը գերմանական «BoxSport Magazine» հանդեսի անցկացրած հարցման արդյունքներով գրավել է առաջին տեղը։ Աբրահամը առաջ է անցել ուկրաինացի Վիտալի Կլիչկոյից։
Արթուրի օգտին քվեարկել է 1403 մարդ, մինչդեռ Կլիչկոյի օգտին տրվել է 807 ձայն։
«Ես շատ ուրախ եմ, որ գերմանացի երկրպագուները նորից քվեարկեցին իմ օգտին։ Հաջողությունը լավ իրագործված թիմային աշխատանքի արդյունքն էր։ Առանց իմ մարզչի ունեցած փորձի եւ այն մարդկանց աջակցության, որոնք միշտ իմ կողքին էին, հաջողության հասնելն անհնար կլիներ», հայտարարել է Աբրահամը։
Ավելացնենք, որ տաղանդավոր մարզիկը արդեն չորրորդ անգամ է ճանաչվում Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։
Հիշեցնենք նաեւ, որ Աբրահամը այս տարի երեք անգամ է դուրս եկել ռինգ։ Մարտ ամսին նա պարտության մատնեց ամերիկացի Լախուան Սայմոնին՝ հաղթելով միավորների առավելությամբ եւ պաշտպանելով IBF վարկածով չեմպիոնական իր գոտին։ Հուլիսին «Արթուր Արքան» տեխնիկական նոկաուտով հաղթեց թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալին։ Դրանից հետո նա իրավունք ստացավ մասնակցել «Super Six World Boxing Classic» սուպերմրցաշարում, որի շրջանակներում հաղթեց երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին։



























