Բելգիայի Անտվերպեն քաղաքում դեկտեմբերի 12-ին կայացել է Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների, միությունների, այլ կառույցների ղեկավարների հիմնադիր ժողովը, որը քննարկել է Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության առաջարկը՝ Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիա ստեղծելու մասին: Նախապես ֆեդերացիայի մեջ մտնելու ցանկություն հայտնած 18 կազմակերպությունների ղեկավարներից ժողովին ներկա 14 նախագահներ արեցին մի խումբ առաջարկներ, քննարկվեցին իրար հետ գործելու հնարավորությունները, դպրոցական, կադրային, ֆինանսական եւ այլ հարցեր: Հիմնադիր ժողովի նիստում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը:
Նշենք, որ ֆեդերացիա ստեղծելու գաղափարը արծարծվել է Բենիլյուքսի երկրներում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի եւ Գեւորգ Մինասյանի հանդիպման ժամանակ:
Ֆեդերացիայի ղեկավարության կարծիքով, առաջիկայում կազմակերպության կազմում կընդգրկվեն հայկական այլ կառուցներ եւ ոչ հայկական կազմակերպություններ, որոնք հայանպաստ աշխատանքներ են կատարում:



























