Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունեցել կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում՝ կազմակերպության 70 անդամների, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարը:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի, Մարոկկոյի ԱԳ նախարար Ֆասի Ֆիհրի, Կամբոջայի արտգործնախարար Նամհոնգ Հոռի եւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:




























