Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին:
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 5-ին տեղեկություն էր տարածել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտնի, մի քանի սերունդ կրթած ուսուցչուհու առեղծվածային մահվան մասին ու հայտնել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կնոջը ծեծի է ենթարկել որդին, ում Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել ու ներկայացրել էին ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Ոստիկանների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում առեղծվածային այս դեպքը բացահայտվել է։
Իրավապահները պարզել են, որ մահացածի 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն պարբերաբար բռնության է ենթարկել մորը՝ Սուսաննա Հ․-ին, նրա հետ կենցաղային հարցերի շուրջ ունեցել է լարված հարաբերություններ, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում նա հերթական անգամ վիճաբանել ու ծեծի էր ենթարկվել մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ մայրը ստացել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» վնասվածքները։
Սեպտեմբերի 27-ին մոր վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո ընտանիքի անդամներն ահազանգել են «Դիլիջան» բժշկական կենտրոն և շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մայրը մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում գտնվել են նաև այդ ամենին ականատեսներ, որոնք արդեն քննչական բաժնում հայտնել են եղելությունը, որից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայր, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը և Էմին Զ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի։
Դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո նրան տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։





























