Ամերիկացի սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ջո Լիբերմանը, ինչպես նաեւ կոնգրեսական Լինդա Սանչեսը միացել են այն օրենսդիրների խմբին, ովքեր սատարում են Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության դատապարտման մասին ԱՄՆ կոնգրեսում բանաձեւ ընդունելուն: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ քաղաքական գործիչները այս նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցելության ժամանակ:

Ամերիկայի հայկական համագումարը հիշեցնում է Էրդողանի` ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպումից հետո ասած խոսքերը."Ես կարող եմ միանշանակ հայտարարել, որ մենք չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դա կատարյալ սուտ է":

«Մենք կուզեինք շնորհակալություն հայտնել սենատորներ Բոքսերին եւ Լիբերմանին, ինչպես նաեւ կոնգրեսական Սանչեսին՝ սկզբունքայնության եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդելու համար: Մենք հույս ունենք, որ մեր ընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ԱՄՆ -ի Կոնգրեսի երկու պալատներում առաջին հնարավորության դեպքում բանաձեւ կընդունվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը։